Կոնգրեսական. ԱՄՆ-ն շարունակելու է ջանքերը, ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ լուծմանը

Կոնգրեսական. ԱՄՆ-ն շարունակելու է ջանքերը, ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ լուծմանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, այն զարգացնելու ուղղությամբ համատեղ ձեռնարկվող ջանքերը։ Այդ առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ակտիվ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Ջիմ Կոստային` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքերի համար։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ կոնգրեսական Կոստան նշել է, որ, տարիներ ի վեր ԱՄՆ Կոնգրեսում հետամուտ լինելով Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերին, ուրախ է Հայաստան այցելելու և առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և տարածաշրջանային խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար։

Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախարար Նալբանդյանն ու կոնգրեսական Կոստան մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: Էդվարդ Նալբանդյանը Ջիմ Կոստային ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սաձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Ջիմ Կոստան նշել է, որ ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես բանակցային ճանապարհով լուծմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որն անցնելու էր Թուրքիայում, հետաձգվել է: Այդ մասին հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---