Խորենացի փողոցում բախումներում տուժածներից 11-ը շարունակում է բուժումը

Խորենացի փողոցում բախումներում տուժածներից 11-ը շարունակում է բուժումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Էրեբունիի շրջակայքում ցուցարարների ու ոստիկանների բախումներից տուժած անձանցից, որոնք դիմել էին հիվանդանոցներ, հուլիսի 22-ի դրությամբ բուժում է ստանում 11-ը, որոնցից 6-ը ոստիկան է, հայտնում Tert.am-ը առողջապահության նախարարության լրատվական ծառայության վրա հղումով:

Խորենացի փողոցում բախումներից տուժածները, հիմնականում, ունեին «սալջարդներ» և «գազային թունավորում» ախտորոշումներ, 2 անձ ուներ կոտրվածքներ: Նրանք, հիմնականում, տեղափոխվել էին «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Հուլիսի 21-ին՝ «Էրեբունի» ԲԿ-ում օրվա երկրորդ կեսի դրությամբ, կար 6 հիվանդ, սակայն օրվա վերջում նրանց թիվը դարձել էր 7: Ըստ որում, դիմողը ոստիկան է, սակայն ոչ թե վնասվածքներով, այլ նյարդային խանգարման կասկածով:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Հուլիսի լույս 21-ի գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: Բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---