Փաշինյան. Ժամը 20:00-ին ես լինելու եմ Խորենացի փողոցում

Փաշինյան. Ժամը 20:00-ին ես լինելու եմ Խորենացի փողոցում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ Խորենացի փողոցում հավաքվածների առջև և տալ պատասխաններ վերջին օրերի իրադարձությունների ու իր՝ ՊՊԾ գնդի մերձակայքում գտնվել-չգտնվելու վերաբերյալ հարցերին:

«Իմ գործունեության ամենակարևոր և անկյունաքարային իմաստը համարում եմ քաղաքացիների շահերին և անվտանգությանը ծառայելը, ՀՀ քաղաքացիների հետ երկխոսություն վարելը, նրանց լսելը, գաղափարներ և լուծումներ առաջադրելը: Այս է պատճառը, որ այսօր երեկոյան ժամը 20:00-ին ես ելույթ կունենամ Խորենացի փողոցում և ինձ ուղղված հարցերի պատասխանները կփորձեմ տալ նաև այդ ելույթի ընթացքում», - ասել է նա:

Փաշինյանը խոստացել է մեկնաբանել նաև Սերժ Սարգսյանի ելույթն իրադարձությունների կապակցությամբ:

Հուլիսի 20-ի երեկոյան ու լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել: Բախումները սկսվել են Նիկոլ Փաշինյանի՝ հատվածից հեռանալուց հետո, և դադարել, երբ պատգամավորը վերադարձել ու բանակցություններ էր վարել ցուցարարների, ոստիկանների ու «Սասնա ծռերի» հետ:

Հաջորդ օրը՝ հուլիսի 21-ին Փաշինյանը հայտարարել է, որ ընթացող բողոքի ակցիան ղեկավարելու կամ կոորդինացնելու որևէ հավակնություն չունի ու ինչպես նախկինում, այդպես էլ այժմ պնդում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը:

«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության իրականացմանը, ուրեմն սրանից հետո Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը տեսնեն... երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», - ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---