Խորենացիում անկարգություններին մասնակցելու գործով 6 կասկածյալ է ձերբակալվել

Խորենացիում անկարգություններին մասնակցելու գործով   6 կասկածյալ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ, այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ անկարգություններին մասնակցություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է։

Եվս 6 կասկածյալ ձերբակալվել է։

Նախնական քննության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն ստանալու համար բուժհաստատություն է դիմել 62 անձ, որոնցից 37-ը՝ ոստիկան, 25-ը՝ քաղաքացիական անձ։ Նշանակվել են դատաբժշական փորձաքննություններ, քննություն է տարվում՝ պարզելու նրանցից յուրաքանչյուրի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հստակեցվում է անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասի չափը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած, իրենց գործողություններով սադրած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---