Նախարարություն. «Սասնա ծռերը» հրաժարվում են հիվանդանոց տեղափոխել վիրավոր զինյալին

Նախարարություն. «Սասնա ծռերը» հրաժարվում են հիվանդանոց տեղափոխել վիրավոր զինյալին

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի հետևանքով բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվել և տրամադրվում է պատշաճ բուժօգնություն։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածների զգալի մասն ապաքինվելով դուրս է գրվել հիվանդանոցներից, մի մասն էլ անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

«Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ շտապօգնության մեքենան շարքից հանելը և վարորդին պատանդ պահելը, բանակցությունների արդյունքում ստեղծված զեզոք գոտում զենքի առկայությունը և դրա գործածումը, կրակոցներն ամենևին չեն նպաստում բուժօգնության կազմակերպման համար համապատասխան մթնոլորտի ստեղծմանը և խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը», - նշվում է հաղորդագրությունում:

Նկատի առնելով, որ բուժօգնությունը կազմակերպվում է ամբուլատոր, ստացիոնար և շտապօգնության միջոցով, տվյալ դեպքում, ստեղծված իրավիճակից ելնելով` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» 6-8 մեքենա դեպքի վայրում և դրա հարակից տարածքում առ այսօր հերթապահություն է իրականացնում անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու նպատակով։ Տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել յուրաքանչյուր դիմողի` թե՛ զինված խմբի անդամներին, թե՛ ոստիկանության աշխատակիցներին, թե՛ տարածքի բնակչությանը և թե՛ հավաքների մասնակիցներին։ Ըստ անհրաժեշտության` կազմակերպվել է բուժօգնության կարիք ունեցողի տեղափոխումը հիվանդանոց։

«Ինչ վերաբերում է զինված խմբի վիրավոր անդամին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրին, ապա մինչ օրս բուժօգնություն ստացող վիրավորին պարբերաբար առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց նրա վիճակին համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար, սակայն առաջարկը մշտապես մերժվել է զինված խմբի կողմից: Մեկ անգամ ևս խնդրում ենք զերծ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը նվիրումով և պատրաստակամորեն կատարող բժիշկների գործունեությունը խոչընդոտելուց և ավելորդ լարվածություն չստեղծել», - նշվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---