ԱՆ. ՊՊԾ գնդի տարածքում բոլոր տուժածները ստացել և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն

ԱՆ. ՊՊԾ գնդի տարածքում բոլոր տուժածները ստացել և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի հետևանքով բոլոր տուժածներին ամբողջ ծավալով տրամադրվել և տրամադրվում է պատշաճ բուժօգնություն։ Նախարարությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը։ Տուժածների զգալի մասն ապաքինվելով դուրս է գրվել հիվանդանոցներից, մի մասն էլ անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում, տեղեկացնում է նախարարությունը։

«Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ շտապօգնության մեքենան շարքից հանելը և վարորդին պատանդ պահելը, բանակցությունների արդյունքում ստեղծված զեզոք գոտում զենքի առկայությունը և դրա գործածումը, կրակոցներն ամենևին չեն նպաստում բուժօգնության կազմակերպման համար համապատասխան մթնոլորտի ստեղծմանը և խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 6-8 մեքենա դեպքի վայրում և դրա հարակից տարածքում առ այսօր հերթապահություն է իրականացնում` անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու նպատակով։ Շտապբուժօգնության մնացած մեքենաները մայրաքաղաքի բնակչությանն սպասարկում են մեծ ծանրաբեռնվածությամբ», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել յուրաքանչյուր դիմողի` թե՛ զինված խմբի անդամներին, թե՛ ոստիկանության աշխատակիցներին, թե՛ տարածքի բնակչությանը և թե՛ հավաքների մասնակիցներին։ Ըստ անհրաժեշտության` կազմակերպվել է բուժօգնության կարիք ունեցողի տեղափոխումը հիվանդանոց։

«Ինչ վերաբերում է զինված խմբի վիրավոր անդամին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրին, ապա մինչ օրս բուժօգնություն ստացող վիրավորին պարբերաբար առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց նրա վիճակին համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար, տեղեկացվել է հնարավոր հետևանքների մասին, սակայն առաջարկը մշտապես մերժվել է զինված խմբի կողմից:

Մեկ անգամ ևս խնդրում ենք զերծ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը նվիրումով և պատրաստակամորեն կատարող բժիշկների գործունեությունը խոչընդոտելուց և ավելորդ լարվածություն չստեղծել»։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---