Ստամբուլում հայ բժշկին պատկանող կլինիկա է փակվել. Մեղադրում են գյուլենական համայնքի հետ կապի մեջ

Ստամբուլում հայ բժշկին պատկանող կլինիկա է փակվել.  Մեղադրում են  գյուլենական համայնքի հետ կապի մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան:

Թուրքիայի հայկական Ակոս թերթի կայքի տեղեկացմամբ՝ արհեստական բեղմնավորմամբ և կանանց առողջապահությամբ զբաղվող İstanbul Tüpbebek կլինիկան հիմնվել է 11 տարի առաջ: Կլինիկայի բաժնետոմսերի 61.5 %-ը պատկանում է նրա հիմնադիր Արետ Քամարին, ով ազգությամբ հայ է, դավանանքով` քրիստոնյա:

Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 25-ին կլինիկան ենթարկվել է աուդիտորական ստուգման՝ առողջապահական մարմինների, ՏԻՄ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Նշյալ հանձնաժողովը եզրակացրել է, որ կլինիկան կապ ունի «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնքի) հետ, ինչի հիման վրա որոշում է կայացվել կենտրոնը փակելու մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Արետ Քամարը նշել է, որ մասնագիտական գերզբաղվածության պատճառով նա որևէ այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ուղղակի չունի:

Պոլսահայ բժիշկը նաև նշել է, որ կլինիկաի մյուս բաժնետերերը ևս, իրենց մեծ զբաղվածությունից ելնելով, չէին կարող «զուգահեռ կառույցի» հետ կապ ունենալ: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ, եթե նույնիսկ իր գործընկերներից կամ աշխատակիցներից որևէ մեկն այդ կառույցի հետ իսկապես կապ ունենար, միևնունն է, անարդար կլիներ ինչ-որ մարդկանց անհատական գործունեության պատճառով փակել հսկա կլինիկան, որը որևէ կասկածելի գործունեություն չի ծավալում:

Քամարը մտահոգություն է հայտնել մասնավորապես այն հանգամանքի առթիվ, որ հանձնաժողովը բռնագրավել է նաև հիվանդների անձնական գործերը: Ընդհանուր առմամբ, բռնագրավվել է շուրջ 40.000 հիվանդի անձնական գործ: Անգամ բեղմնավորված էմբրիոններն են բռնագրավվել ու տեղափոխվել Քոչի համալսարան:

Հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված և ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում երեք ամիս ժամկետով «արտակարգ իրավիճակ» է հայտարարվել: Այս պայմաններում երկրի իշխանությունները իրավասու են անվտանգության նկատառումներով արգելել կամ սահմանափակել ցանկացած կառույցի, հիմնարկի գործունեությունը:

Հայտնի է, որ «արտակարգ իրավիճակ» հայտարարելուց հետո մինչ օրս միայն Ստամբուլում «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորմանն» (FETÖ) անդամակցության, աջակցության կամ դրա հետ կապի մեղադրանքով 3 համալսարան, 149 դպրոց, 150 կազմակերպություն, 15 հիմնադրամ և 4 առողջապահական կենտրոն է փակվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---