Ֆրանսահայ ռեժիսոր Գեդիգյանը՝ Վենետիկի կինոփառատոնի «Հորիզոնների» ժյուրիի նախագահ

Ֆրանսահայ ռեժիսոր Գեդիգյանը՝ Վենետիկի կինոփառատոնի «Հորիզոնների» ժյուրիի նախագահ

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի Վենետիկի 73-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» բաժնի միջազգային ժյուրին։ 2016-ին փառատոնը կանցկացվի Վենետիկի Լիդոյում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։

Չլինելով Վենետիկի մշտական մասնակից՝ Գեդիգյանն օտար չէ Լիդոյին, որտեղ 2000թ-ին տեղի ունեցավ նրա մարսելյան «Քաղաքը հանգիստ է» (La ville est tranquille) ֆիլմի պրեմիերան։ Նրա ֆիլմոգրաֆիան կենտրոնացած է ֆրանսիական աշխույժ նավահանգստային քաղաքի կյանքի ուսումնասիրության շուրջ՝ «իր հարևանության միկրոտիեզերքի պատմություններով՝ ուշադրության կենտրոնում պահելով հասարակ մարդկանց կյանքը», նշվում է հայտարարությունում։

Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած մոտ երկու տասնյակ ֆիլմերը պատկանում են ամենատարբեր ժանրերի՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Ֆրանսիացի կինոգետները Գեդիգյանին կոչել են «Մարսելի աշխատավոր դասի երգիչ»:

2001-ին Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Գեդիգյանն արժանացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակին «Քաղաքը հանգիստ է» կինոնկարի համար:

Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: 2015-ին Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում:

2006-ին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում:

Ռոբեր Գեդիգյանը ծնվել է 1953-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ հայ հոր և գերմանուհի մոր ընտանիքում: Մինչ օրս ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: 1980-ից կինոյի ասպարեզում է: Հիմնականում հայտնի էր իր սոցիալական ֆիլմերով, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ 1996-ին «Մարիուսն ու Ժանեթը» կատակերգության հաջողությունից հետո: Ֆիլմն արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին:

7 փաստ ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի մասին. Գեդիգյանը բազմաթիվ կինոփառատոնների մասնակից է

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---