Իրավապաշտպանները պահանջում են կարճել Լևոն Բարսեղյանի դեմ հարուցված քրգործը

Իրավապաշտպանները պահանջում են կարճել Լևոն Բարսեղյանի դեմ հարուցված քրգործը

PanARMENIAN.Net - 13 իրավապաշտպան կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ:

Բարսեղյանը հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին էր բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել էր 82 մմ երկարությամբ շեղբով դանակ: Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, նա ձերբակալվել էր։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Բարսեղյանի գտնվելու վայրը գործընկերների և հարազատների համար երկար ժամանակ անհայտ է եղել։ «Թեև ոստիկանությունը տեղեկացրել էր, որ նա ազատ է արձակվել առավոտյան 06:30-ին, իրականում դա ապատեղեկատվություն էր. Բարսեղյանը գտնվել է ոստիկանության հսկողության ներքո, տարվել է Գյումրու Կումայրի բաժին և կրկին բերվել Շենգավիթի քննչական բաժին: Իրավապաշտպան գործընկերների համառ գործողությունների շնորհիվ միայն օրվա երկրորդ կեսին ճշտվել է նրա որտեղ լինելը», - ասվում է հաղորդագրությունում։

«Բարսեղյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել նրա անձնական խուզարկությամբ՝ տաբատի գրպանից հայտնաբերված ծալովի դանակը: Նրա փաստաբանի հաղորդմամբ՝ այդ դանակն առաջին անգամ չէ, որ հայտնաբերվում է Լևոն Բարսեղյանի մոտ նմանատիպ իրավիճակներում, երբ ոստիկանությունը նրան բերման էր ենթարկում բողոքի ակցիաներից։

Սակայն ամեն անգամ այդ դանակի առկայությունն արձանագրվել է և անտեսվել, քանի որ չի համապատասխանել սառը զենքի չափանիշներին։ Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ մեր գործընկերոջ նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ իբրև սառը զենք որակված դանակի առկայության փաստը՝ ընդամենը նրա ակտիվ հասարակական գործունեության, ինչպես նաև Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցելու, իսկ վերջին օրը նաև այն վարելու համար Լևոն Բարսեղյանին «պատժելու» պատրվակ է։ Փաստորեն, մեր գործընկերը իրավապահ մարմինների կամայական գործողությունների թիրախավորված զոհ է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար», - ասվում է հայտարարությունում։

Տեքստը ստորագրած կազմակերպությունները պահանջում են անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին, դադարեցնել բռնությունները ցուցարարների ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ, և իրավապահների գործողությունները վերադարձնել օրինական դաշտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---