ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհում յուրաքանչյուր 2 նորածնից մեկը կրծքով չի սնուցվում կյանքի 1-ին ժամին

ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհում  յուրաքանչյուր 2 նորածնից մեկը կրծքով չի սնուցվում կյանքի 1-ին ժամին

PanARMENIAN.Net - Մոտ 77 մլն նորածին կամ 2-ից մեկը կրծքով չի սնուցվում կյանքի առաջին ժամի ընթացքում՝ զրկվելով կենարար սնուցիչներից, հակամարմիններից և մոր հետ մաշկը մաշկին շփումից, ինչը պաշտպանում է նրանց հիվանդություններից և մահից: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակը:

Ընդգծվում է, որ հետաձգված կրծքով կերակրումը բարձրացնում է նորածինների մահվան վտանգը 80%-ով:

«Եթե բոլոր նորածինները կերակրվեն միմիայն կրծքի կաթով ծնվելու պահից ի վեր մինչ 6 ամսականը, ապա տարեկան 800.000 կյանք կփրկվի», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ սնուցման հարցերով գլխավոր խորհրդական Ֆրանս Բեգինը (France Begin):

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն, վերջին 15 տարիներին կյանքի առաջին ժամի ընթացքում երեխաներին կրծքով կերակրելու հարցում առաջխաղացումը դանդաղ է ընթացել: Ենթասահարյան Աֆրիկայում, օրինակ, որտեղ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացության ցուցանիշն աշխարհում ամենաբարձրն է, 2000թ.-ից ի վեր վաղ կրծքով կերակրման ցուցանիշն աճել է ընդամենը 10%-ով Արևելյան և Հարավային Աֆրիկայում և մնացել անփոփոխ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում:

Նույնիսկ Հարավային Ասիայում, որտեղ վաղ կրծքով կերակրման ցուցանիշները եռապատկվել են 15 տարվա ընթացքում՝ 2000թ.-ի 16 տոկոսի դիմաց դառնալով 45 տոկոս 2015թ.-ին, աճը բավարար լինելուց դեռ շատ հեռու է. 21 միլիոն նորածիններ շատ երկար են սպասում մինչ առաջին կրծքով սնուցումը:

Որքան շատ է ուշանում կրծքով կերակրումն, այնքան մեծանում է մահվան հավանականությունը կյանքի առաջին ամսվա ընթացքում: Ծնվելուց հետո կրծքով կերակրումը 2-ից 23 ժամ ուշացնելու դեպքում 40 տոկոսով մեծացնում է կյանքի առաջին 28 օրվա ընթացքում մահանալու հավանականությունը: 24 ժամով ուշացնելու դեպքում՝ այս վտանգը մեծանում է 80 տոկոսով:

«Կրծքի կաթը երեխայի առաջին պատվաստանյութն է, առաջին ու լավագույն պաշտպանությունը հիվանդությունների դեմ»,- ասել է Ֆրանս Բեգինը: «Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում նորածինների մահացությունը մահերի ընդհանուր թվի կեսն է, մինչդեռ վաղ կրծքով կերակրումը կենաց ու մահու դեր ունի»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ կանայք չեն ստանում անհրաժեշտ օգնությունը երեխայի ծնվելուց հետո կրծքով կերակրումն անմիջապես սկսելու հարցում նույնիսկ երբ բժիշկը, բուժքույրը և մակնաբարձուհին օժանդակում են ծննդաբերությանը: Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ասիայում, օրինակ, կանայք, ովքեր ծննդաբերում են փորձառու բուժաշխատողի օգնությամբ, քիչ հավանական է, որ կրծքով կերակրել կսկսեն երեխայի կյանքի առաջին ժամի ընթացքում, քան այն կանայք, ովքեր ծննդաբերում են ոչ այնքան հմուտ բուժաշխատողի կամ հարազատների օգնությամբ:

Երեխաներին այլ հեղուկներով կամ սննդով կերակրելը մեկ այլ պատճառ է, որի հետևանքով վաղ կրծքով կերակրումը հետաձգվում է: Շատ երկրներում սովորություն է նորածիններին կերակրել արհեստական կաթով, կովի կաթով կամ շաքարաջրով կյանքի առաջին երեք օրերի ընթացքում: Նորածինների գրեթե կեսին կերակրում են այս հեղուկներով: Երբ երեխաներին կերակրում են կրծքի կաթին այլընտրանք համարվող պակաս սննդարար հեղուկներով, կրծքով կերակրման հաճախականությունը պակասում է, ինչն իր հերթին դժվարացնում է մայրերի՝ կրծքով կերակրելը սկսելն ու շարունակելը:

Աշխարհում վեց ամիսը չլրացած նորածինների միայն 43 տոկոսն է բացառապես կրծքի կաթով սնուցվում: Կրծքով ընդհանրապես չկերակրված երեխաների մահվան հավանականությունը 14 անգամ ավելի մեծ է, քան նրանց, ում բացառապես կրծքով են կերակրում:

Այնուամենայնիվ, կրծքի կաթի ցանկացած քանակ նվազեցնում է երեխայի մահվան վտանգը: Այն երեխաները, որոնց ընդհանրապես կրծքով չեն կերակրել, 7 անգամ ավելի հավանական է, որ կմահանան վարակներից, քան նրանք, ովքեր կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում գոնե մի կարճ ժամանակահատված սնվել են կրծքի կաթով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---