Փաստաբանների պալատը կոչ է անում ուժ կիրառած ոստիկաններին ենթարկել պատասխանատվության

Փաստաբանների պալատը  կոչ է անում  ուժ կիրառած  ոստիկաններին ենթարկել պատասխանատվության

PanARMENIAN.Net - ՀՀ Փաստաբանների պալատը պատկան մարմիններին կոչ է անում ֆիզիկական ուժ և հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկաններին ենթարկել պատասխանատվության:

«Տեսանյութերից և լրագրողների ու այլ անձանց հայտարարություններից պարզվում են, որ վերջին օրերին, մարդկանց հավաքների հետ կապված, քաղաքացիների, այդ թվում՝ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ, որոշ ոստիկանների կողմից կիրառվել են ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը իրականացնել հարկադրանքի բնույթի լիազորություններ, եթե դրանց իրականացումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պիտանի են, անհրաժեշտ և չափավոր:

Իզուր չէ, որ միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ կարևորվում են անհրաժեշտության և համաչափության սկզբունքները։ Հարկադրանքի լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք միայն այս սկզբունքներով ղեկավարվելիս կարող են ժողովրդի մոտ ձևավորել և պահպանել արդարության զգացումը։

Այս սկզբունքները խախտելու դեպքում, անկախ նրանից, թե ինչ «վեհ» նպատակներով են դրանք խախտվել (օրինակ՝ քաղաքացու կյանքի համար վտանգավոր է ՊՊԾ գնդի մոտ գտնվելը և այդ «շահի» համար նրան պետք է «հիմնավոր» վախեցնել, որ այլևս չվերադառնա), հասարակության մոտ առաջանում են անարդարության, անպաշտպան լինելու, անվստահության և ատելության զգացումներ։ Եվ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա դեպքերի համատեքստում դրսևորված մեր հասարակության համարձակ կեցվածքը, թվարկված բացասական զգացումները մարդկանց մղում են առավել ակտիվ գործողությունների», - ասված է Փաստաբանների պալատի տարածած հայտարարությունում:։

Ամփոփելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝

– դատապարտում է՝ հարկադրական բնույթի լիազորություններ կիրառելիս պիտանիության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքները խախտած ոստիկանների գործողությունները, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործողությունները,

– կոչ է անում պատկան մարմիններին՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի և հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ և հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները և մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության.

– զորակցություն է հայտնում լրագրողական համայնքին:

Հուլիսի 17-ի՝ Էրեբունու գունդը գրավելուց հետո, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենում ի աջարկցություն «Սասնա ծռերին» բողոքի ցույցեր: Ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Հուլիսի 29-ին Սարի թաղում ու Խորենացիում ցույցերը հատուկ միջոցների կիրառմամբ ցրելու ընթացքում տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը:

Կարդացեք նաև՝ ԱԱԾ-ն «Սասնա ծռերին» մինչև ժամը 17:00-ն զենքը վայր դնելու ժամանակ է տվել (վիդեո)

Սեֆիլյան. Զենքը վայր դնելը հնարավոր է իմ՝ «Սասնա ծռերի» ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից հետո

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---