Ոստիկանությունը դիպուկահարի լուսանկարն է հրապարակել. «Սասնա ծռերը» հերքում են՝ ոստիկանին չեն սպանել

Ոստիկանությունը դիպուկահարի լուսանկարն է հրապարակել. «Սասնա ծռերը» հերքում են՝ ոստիկանին չեն սպանել

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հուլիսի 30-ին ոստիկանի սպանության հանգամանքներին:

«Հուլիսի 30-ին ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյոք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից», - ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարներում ներկայացված է՝

1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը:

2. Արձակված գնդակի հետագիծը:

3. Դիպուկահարի թաքստոցը:

4. Դիպուկահարը:

Միաժամանակ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը միջադեպի մասին հայտարարել է.

«Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ասել է Ավետիսյանը:

Նա ասել է նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- եզրափակել է Ավետիսյանը:

Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հուլիսի 30-ին հայտարարել է, որ ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերի» դիպուկահարի կողմից կրակ է բացվել:Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը:

Տեպանոսյանը ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններում զոհված երկրորդ ոստիկանն է: Հուլիսի 17-ին՝ գնդի վրա գրոհի ժամանակ, հրաձգությունում զոհվել է գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---