Վերնիսաժի տարածքում առևտրի կանոնակարգումը կխստացվի

Վերնիսաժի տարածքում առևտրի կանոնակարգումը կխստացվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Վերնիսաժի տարածքում իրականացվող վերակառուցման աշխատանքները: Զուգահեռաբար «Վերնիսաժի» տարածքում առևտուր իրականացնող անձանց գործունեությունը շարունակում է կազմակերպվել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևել շինարարական աշխատանքների ընթացքին և առևտրի կանոնակարգման հարցի վերաբերյալ բացատրական աշխատանքներ տանել վարձակալի հետ:

«Հետևեք, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և համապատասխան որակով: Զուգահեռաբար բացատրական աշխատանքներ տարեք տարածքի վարձակալի հետ՝ չնախատեսված ապրանքատեսականու վաճառքը տվյալ տարածքում բացառելու համար: Այս հարցում եղեք խիստ և հետևողական»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, հուլիսի 1-ից փակվել է: Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ հունիսի սկզբին, ինչպես նաև՝ տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առևտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ: Վաճառողների հիմնական մասը դժգոհ է այս որոշումից:

Խորհրդակցությանը նաև զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարությունը և հողազավթումները կանխելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 8 դեպքի մասով, բացի այդ, 2 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 1 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստացված վերահսկողությունը՝ համագործակցելով վարչական շրջանների և ոստիկանության հետ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 7 արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 չգործող կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 80 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է ակտիվացնել աղբահանության վերահսկողությունը:

Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խմբի կողմից գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտները, և ուսումնասիրվել է առկա հիդրանտների տեխնիկական վիճակը: Մինչ օգոստոսի վերջ մայրաքաղաքում կվերագործարկվի 381 հիդրանտ:

Քաղաքապետ Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքաշինական խոշոր ծրագրերի և բազմաբնակարան շենքերի կառուցման շինթույլտվությունների տրամադրման պարտադիր պայմանների մեջ ներառել նաև հրշեջ հիդրանտների առկայության պարտադիր պահանջը և ավարտական ակտերը տրամադրել բացառապես դրանց առկայության դեպքում: Հանձնարարվել է նաև այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:

Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել Վերնիսաժի վերակառուցման ծրագիրը: Բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել:

Կարդացեք նաև՝ Ինչպիսին կարող է դառնալ Վերնիսաժը. Նոր տաղավարներ` ավանդական ցուցանմուշների համար

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---