ՊՊԾ գնդի գրավման գործն ուղարկվել է ՀՔԾ

ՊՊԾ գնդի գրավման գործն  ուղարկվել  է  ՀՔԾ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազն օգոստոսի 1-ի առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը; կատարվել են կազմակերպված խմբի կողմից, պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով), 235-րդ հոդվածի 3-րդ մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը; այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով) հատկանիշներով հարուցված քրեական գործը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Զանգվածային անկարգությունները; զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով; այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներն անմիջականորեն կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով) հարուցված քրեական գործը ևս ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ: Քննության արդյունավետությունն ապահովելու համար ԱԱԾ, ՔԿ և ՀՔԾ ղեկավարներին հանձնարավել է ստեղծել համատեղ քննչական խումբ, տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:

«Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Իրադարձությունների ընթացքում զոհվել է 2 ոստիկան, խմբից և իրավապահներից վիրավորներ են եղել: Բազմաթիվ մարդիկ են տուժել նաև ոստիկանության կողմից ցույցեր ցրելու, հատկապես՝ Սարի թաղում հուլիսի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---