ԵԱՀԿ ներկայացուցչի կոչը՝ ապահովել ՀՀ-ում լրագրողների պաշտպանությունը

ԵԱՀԿ ներկայացուցչի կոչը՝ ապահովել ՀՀ-ում լրագրողների պաշտպանությունը

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն օգոստոսի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հավաստիացում, որ լրագրողների իրավունքները և նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:

Միյատովիչը նամակ է ուղղել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով, որ կառավարությունը «պետք է գործնական քայլեր կատարի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար և նշել, որ իշխանությունների կողմից պետք է նախաձեռնվեն քայլեր՝ որպես երաշխիք, որ լրատվամիջոցները թիրախավորված չլինեն ոստիկանության կամ խուժանի կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

ԵԱՀԿ երեվանյան գրասենյակը նշում է, որ համաձայն հրապարակումների՝ հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների բռնի ցրումը և այլ իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցները ենթարկվել են հարձակման, ծեծի և վնասվել են նրանց սարքավորումները: Որոշ դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում՝ մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ:

Հարձակման ենթարկվածների շարքում են.«Արմենիա» հեռուստաընկերության թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը և օպերատոր Դավիթ Հարությունյանը, Ազատության թղթակիցներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը և օպերատոր Գարիկ Հարությունյանը, «Ա1+»-ի հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանը և օպերատոր Տիգրան Բադալյանը, Lragir.am լրատվական կայքէջի օպերատոր Մարութ Վանյանը, CivilNet-ի լրագրողներ Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը, Panorama.am-ի թղթակից Հովիկ Գրիգորյանը, Life.ru-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը:

Միյատովիչը նամակում նաև նշել է Երևանում մի քանի օրեր և շաբաթներ առաջ լրագրողների նկատմամբ ոստիկանության հարձակումների վերաբերյալ հուլիսի 21-ին Հայաստանի մեդիա ՀԿ-ների կողմից հրապարակված հայտարարության մասին: Հարձակման ենթարկվածների թվում են. iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը, Ազատության թղթակից Արտակ Համբարձումյանը, 4news.am-ի թղթակից Արթուր Հայրապետյանը, lragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանը:

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հետևում է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետություններում լրատվական դաշտի զարգացումներին: Նա ապահովում է վաղ ազդարարում խոսքի և մամուլի ազատության ոտնահարումների վերաբերյալ և խթանում է ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխանությունը:

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:

Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Կարդացեք նաև՝Սերժ Սարգսյան. Ներողություն եմ խնդրում լրագրողներից հուլիսի լույս 30-ի դեպքերի համար

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---