Փաստաբան. Լամբարյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը խախտվում է

Փաստաբան. Լամբարյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը խախտվում է

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը խախտվում է: Այս մասին հայտարարել է խմբի անդամներից Պավել և Արամ Մանուկյանների, Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Սասնա Ծռերից հրազենային ծանր վիրավորում ստացած Արմեն Լամբարյանի մայրը՝ Փիրուզե Լամբարյանը դեռևս հուլիսի 31-ին դիմել է ինձ՝ իր որդուն իրավաբանական օգնություն ցույց տալու և նրա պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով: Ես, որպես փաստաբան, անմիջապես այդ մասին տեղյակ եմ պահել վարույթն իրականացնող մարմնին, սկզբում ԱԱԾ քննչական վարչությանը, իսկ հետո ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշոնեական հանցագործությունների քննության վարչության պետ, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանին: Անձամբ մի քանի անգամ հեռախոսազրույցներ եմ ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ: Դիմումը ուղարկվել է ԱԱԾ և այնուհետև ՀՔԾ` վերջիններիս պաշտոնական էլեկտրոնային հասցեներին:

Սակայն, մինչ օրս վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում ՀՔԾ-ն ապօրինի կերպով խախտում է Արմեն Լամբարյանի իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպանական իրավունքը` ամեն կերպ խոչնդոտելով փաստաբանի, պաշտպանի ներգրավմանը, բերելով այլևայլ պատճառաբանություններ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոսյանը:

Նրա խոսքով, բացի այդ, լուրեր են շրջանառվում և բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում այն մասին, որ Արմեն Լամբարյանը ենթարկվել է խոշտագումների: «ՀՔԾ-ն, սակայն, ինձ, որպես փաստաբանի, ինչպես նաև Արմեն Լամբարյանի հարազատներին հնարավորություն չտալով հանդիպել նրա հետ, մեզ զրկում է ստուգելու խոշտանգման մասին լուրերն իրականությանը համապատասխանում են, թե ոչ, սակայն ՀՔԾ այդ գործելաոճը հիմք է տալիս կասկածել, որ այդ լուրերն այնուամենայնիվ համապատասխանում են իրականությանը», - գրել է Պետրոսյանը:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, ինչի նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

Իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքն, ի դեպ, որևէ սահմանափակման ենթակա չէ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում:

Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը»:

«Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Արմեն Լամբարյանին զրկելով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն իրականացնելու հնարավորությունից, ինչպես նաև ինձ, որպես փաստաբանի, խոչընդոտելով իմ վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունից, առերևույթ կատարում են արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, ուստի Հատուկ քննչական ծառայությանը առաջարկում եմ քննության առնել հատուկ քննչական ծառայության համապատասխան աշխատակիցների արարքում հանցագործության փաստի առկայությունը», - եզրափակել է փաստաբանը:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին:

Արմեն Լամբարյանը ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով (պաշտոնական վարկածով) հրազենային վիրավորում է ստացել հուլիսի 29-ին:

Կարդացեք նաև՝ ՄԻՊ. «Սասնա ծռերից» Լամբարյանին և Նազարյանին խոշտանգելու մասին տեղեկությունը չի հաստատվել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---