«Բարև Երևանը» պահանջում է Երևանի ոստիկանապետի հրաժարականը

«Բարև Երևանը» պահանջում է Երևանի ոստիկանապետի հրաժարականը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պահանջում է Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրաժարականը: Այս մասին խմբակցությունը տեղեկացրել է հաղորդագրության միջոցով:

«Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան, որ Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ քաղաքներում կազմակերպվեն բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր:

Այդ իրադարձություններին ՀՀ ոստիկանությունը որդեգրել է աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգ ու կանոն պահպանելը՝ առանց խախտելու և սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Համացանցում բազում տեսագրությունները դրա վառ ապացույցն են: Սա, իհարկե, չէր կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշումը. հրամանը «վերևից» էր տրված», - ասված է խմբակցության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության այս գործելաոճը և առայժմ պահանջում Երևան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած անձանց («ոստիկաններին և քաղաքացիական հագուստով սադրիչ-ահաբեկիչներին»):

Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել մի շարք ոստիկաններ:

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար նկատողություն և խիստ նկատողություն է հայտարարվել մի շարք ոստիկանների: Նրանց թվում են Երևանի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալներ, ոստիկանության գնդապետեր Հրայր Հայրապետյանն ու Մկրտիչ Անտոնյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանը և այլոք:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---