Պաշտպան. «Սասնա ծռերի» 2 անդամին ծեծելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Պաշտպան.  «Սասնա ծռերի» 2 անդամին ծեծելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, ոստիկանություն վարկածով, իրավապահներին հանձնված «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին լրագրողներին ասել է նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ չգիտի այդ նյութերը նախապատրաստվում են ԱԱԾ վարույթում, թե հիմնական գործի հետ փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն:

Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը պաշտպանի պնդմամբ՝ ձերբակալվելիս ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից: Կան մարմնական վնասվածքներ, մասնավորապես Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում, հավանական է նաև՝ քթի կոտրվածք: Եղիազարյանը պարանոցի շրջանում է վնասվածքներ ստացել:

Պաշտպանի փոխանցմամբ՝ Արամ Հակոբյանին ծեծողները եղել են 7-8 հոգի, նրանց դեմքերը Հակոբյանը չի տեսել, քանի որ դիմակավորված են եղել: Պաշտպանը միջնորդել էր, որ թե՛ Եղիազարյանը, թե՛ Հակոբյանը ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության:

«Եղիազարյանը դեռևս դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել, Հակոբյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, որի համաձայն նա պետք է ենթարկվեր ռենտգեն և նյարդաբանական հետազոտությունների, ինձ պետք է տեղեկացնեին այդ հետազոտությունների կատարման վայրի և ժամի մասին, որ ես ևս մասնակցեի, բայց ես դեռևս տեղեկություն չունեմ: Ռենտգեն հետազոտությամբ պետք է պարզվի նաև՝ Հակոբյանը ծեծի հետևանքով քթի կոտրվածք ստացել է, թե ոչ: Ինչքան ուշացնեն, այնքան ավելի դժվար կլինի ունենալ ամբողջական և ճշգրիտ փորձագիտական եզրակացություն»,- ասել է պաշտպանը, գրում է Armtimes.com-ը:

Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ զավթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից) և ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք-զինամթերք, ռազմամթերք պահելը, կամ փոխադրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

Նրանք երկու ամսով կալանավորվել են:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Թամրազյանին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---