WSJ. Հուրի Գեբեշյանն ուզում է մարմնամարզության քարտեզի վրա ամրագրել ՀՀ-ի ուրույն տեղը

WSJ. Հուրի Գեբեշյանն ուզում է մարմնամարզության քարտեզի վրա ամրագրել ՀՀ-ի ուրույն տեղը

PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականն անդրադարձ է կատարել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնող մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի ելույթին:

Հոդվածի հեղինակ Լուիզ Ռադնոֆսկին նկատում է, որ հայ գաղթականների ընտանիքում ծնված Գեբեշյանը, անկասկած, հայկական սփյուռքի հպարտությունն է, ում անունով կիրակնօրյա հոյակապ ելույթից հետո կկոչվի պտտաձողերի վրա կատարված նոր հնարքը:

Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից: Սովորաբար, մարզիկների՝ ձողից բռնվելուն և կախվելուն օգնում են մարզիչները՝ գետնից նրանց բարձրացնելով:

Հեղինակն ընթերցողների ուշադրությունը նաև հրավիրում է այն փաստին, որ ելույթից հետո Գեբեշյանը համբուրել է մարզական գործիքները:

«Ես պարզապես ուզում էի այդ ձևով երախտագիտությունս հայտնել այս մարզաձևին»,-ասել է Գեբեշյանը՝ հավելելով, որ մրցումների ընթացքում իրեն անչափ օգնել ու աջակցել են բազում հայեր:

Բացի այդ, ամեն անգամ մրցելույթներիցս հետո գործիքները համբուրելը կապված էր այն բանի հետ, որ Օլիմպիական խաղերը հուրիի վերջին մրցումներն են՝ նա հեռանում է մեծ սպորտից։

Ռադնոֆսկին հիշեցնում է, որ Գեբեշյանն առաջին կին մարմնամարզուհին է, ով Օլիմպիական խաղերում ներկայացնում է Հայաստանը, գրում է Tert.am-ը:

«Իրականում իմ նպատակն է մարմնամարզության քարտեզի վրա ամրագրել Հայաստանի ուրույն տեղը»,-մեջբերում է հեղինակը Գեբեշյանի խոսքերը:

Այնուհետև հեղինակը հպանցիկ անդրադարձ է կատարում հայուհու ընտանիքին՝ նշելով, որ նրա տատերն ու պապերը Ցեղասպանության պատճառով փախել են Լիբանան, որտեղ էլ լույս աշխարհ են եկել մարմնամարզուհու ծնողները:

Ի դեպ, Գեբեշյանի մարզական հագուստի վրա պատկերված էր Արարատ լեռը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում` մարմնամարզությունում Հայաստանը ներկայացնում են 3 մարզիկ՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Հուրի Գեբեշյանը։ Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը դուրս է եկել նժույգթափեր վարժության եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 14-ին։ Դավթյանին եզրափակիչ դուրս գալ չի հաջողվել:

Հուրի Գեբեշյանը ծնվել է 1989-ի հուլիսի 27-ին Մասսաչուսեթսի Քեմբրիջում, Քրիստինե Աբրահամյանի և Հակոբ Գեբեշյանի ընտանիքում։ 2007-ին ավարտել է Նյուտոնի Հյուսիսային ավագ դպրոցը։

Հուրին 2011-ին ավարտել է Այովայի համալսարանը, և ստացել է մարմնակրթական վերապատրաստման. բակալավրի աստիճան։ 2012-նին վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, թողել է սպորտը և բժիշկ դառնալու մտադրությամբ ընդունվել Ոեյք Ֆորեսթի բժշկական դպրոց (Wake Forest School of Medicine)։ Ավարտել է 2014-ին, ստացել բժշկական գիտությունների վարպետի աստիճան և այժմ աշխատում է Օհայոյի Քլիվլենդի հիվանդանոցում որպես բուժքույր։ Հետագայում՝ ամուսնու խորհուրդով վերադառնում է մեծ սպորտ:

2015-ի Գլազգոյում աշխարհի առաջնության ժամանակ Հուրի Գեբեշյանը 51,965 միավոր արդյունքով 99 մասնակցի շարքում 68-րդ տեղն է գրավել և հայտնվել էր 11-րդ տեղում, ինչ էլ նրան օլիմպիական նախնական ուղեգիր է տվել: Հուրի Գեբեշյանը ԱՄՆ և Հայաստանի կրկնակի քաղաքացի է։

Photo` Armnoc
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---