Ծանրորդ Նազիկ Ավդալյանը 5-րդն է Օլիմպիական խաղերում

Ծանրորդ Նազիկ Ավդալյանը 5-րդն է Օլիմպիական խաղերում

PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կին ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 103 կգ, այնուհետև, չկարողացավ բարձրացնել 107 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 107 կգ։

Հրում վարժությունը Ավդալյանը սկսեց` 130 կգ ծանրաձողը բարձրացնելով։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ Ավդալյանը բարձրացրեց 133 կգ և 135 կգ։ Վերջին մոտեցման ժամանակ ծանրաձողը գլխավերևում թեքվեց, ինչն անխուսափելիորեն պետք է բերեր ձախողման, սակայն մարզուհին «երկաթյա կամք» դրսևորեց և մեծ ուժ և ջանք գործադրելով արդյունքում կարողացավ հավասարակշռել այն և պահել գլխավերևում:

Երկամարտի 242 կգ արդյունքով` մարզիկը զբաղեցրեց 5-րդ տեղը։

Ավդալյանն Օլիմպիական խաղերում 5-րդ տեղի համար չի ափսոսում և ուրախ է գրանցած արդյունքի համար, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

«Դեռևս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ մարզումներին: Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի: Եղել են մարզումներ, որոնց ժամանակ մարզվել եմ` ցավերով: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի: Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է, այդ թվում` և իմ: Գուցե պոկում վարժությունում կարողանայի առավել կիլոգրամներ բարձրացնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,-շեշտել է Ավդալյանը:

Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում Նազիկի գրանցած 242 կգ արդյունքը առավելագույնը չէր:

«Սա այն բացառիկ մրցումներից մեկն էր, որտեղ Նազիկն այդպես էլ մեդալ չունեցավ: Սակայն ժամանակները փոխվում են: Այս 5-րդ տեղը Նազիկի վնասվածքներից հետո իսկապես հերոսություն է: Եթե մի քիչ ավելի ժամանակ ունենայինք, ապա Նազիկն անպայման մեդալ կունենար, մեզ միայն ժամանակը չբավարարեց: Ինչ-որ բան խանգարեց նրան, եթե առողջությունը նորմալ լիներ, ապա մեդալ էլ կլիներ: 5-րդ տեղը Նազիկի առավելագույնը չէր:

Եթե Նազիկն ունենա համարձակություն և նորից շարունակի ծանրամարտով զբաղվել, ապա ես իմ կողմից խոստանում եմ` նա մեդալներ կունենա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,-ասել է գլխավոր մարզիչ Ներսիսյանը:

Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում:

Օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Ռիոյի Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Կարդացեք նաև՝ Ծանրամարտիկ Կարապետյանը վնասվածք է ստացել և դուրս մնացել օլիմպիական մեդալի համար պայքարից

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---