Բռնցքամարտիկներ Ավագյանը և Բաչկովը հաղթանակով են մեկնարկել Խաղերում

Բռնցքամարտիկներ  Ավագյանը և Բաչկովը  հաղթանակով են մեկնարկել Խաղերում

PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրն առաջինը պայքարի մեջ մտավ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը։

Ռիոյի կենտրոնական համալիրում տեղավորված բռնցքամարտի դահլիճում կայացած մենամարտում Ավագյանն ուժերը չափեց Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Միավորի 2-1 հաշվով հաղթեց Ավագյանը։

Ավագյանի հաջորդ մրցակիցը իռլանդացի Միշել Կոնլանն է, իսկ մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին:Ավելի վաղ հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Վլադիմիր Մարգարյանը, ով հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 11-ին։

Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ, գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնին։ Երեք ռաունդների արդյունքում` Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։

Բաչկովի հաջորդ մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Հու Քիանխուն է։

Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը շատ ծանր մենամարտ անցկացրեցին։

«Երկուսն էլ շատ ծանր մենամարտ անցկացրեցին։ Ինձ համար անսպասելի էր Արամի՝ առաջին ռաունդում տարած պարտությունը, չէինք պատկերացնում, որ այսքան ակտիվ մրցակից է։ Արամն` իր դիպուկության հաշվին կարողացավ հաղթել։ Իսկ ինչ կապված է Հովհաննեսի հետ, ապա սա բռնցքամարտ է, և ամեն մի սխալը որոշիչ կարող է լինել։ Բայց նա` կամքի ուժի շնորհիվ վերականգնվեց»,- շեշտել է գլխավոր մարզիչը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Կարդացեք նաև՝ Ծանրորդ Նազիկ Ավդալյանը 5-րդն է Օլիմպիական խաղերում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---