ԵԱՀԿ. Սարի թաղում ուժի անհամաչափ կիրառման դեպքերը պետք է լիարժեք հետաքննվեն

ԵԱՀԿ. Սարի թաղում ուժի անհամաչափ կիրառման դեպքերը պետք է  լիարժեք հետաքննվեն

PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինները պետք է խուսափեն ուժի կիրառումից կամ, երբ դա հնարավոր չէ, նվազագույնի հասցնեն դրա կիրառումը՝ ներառյալ անօրինական, բայց խաղաղ հավաքների դեպքում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։

Հարցմանը, թե ինչպե՞ս կգնահատեն Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր պատասխան-նամակում նշել է՝ «Սարի թաղում հուլիսի 29-ի գիշերը ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մեղադրանքները պետք է լիարժեք հետաքննվեն», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Վկայակոչելով ԵԱՀԿ Ժողովրդավարական ոստիկանության ուղեցույց-ձեռնարկը, միջազգային հեղինակավոր կառույցը հավելել է՝ «Այն դեպքում, երբ ուժի կիրառումն ավելին է, քան պետք է այդ հանգամանքներում, իրավապահները պետք է ենթարկվեն քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության, ինչպես նաև կարգապահական պատժամիջոցի: Համապատասխան իրավապահ մարմնի անձնակազմը ևս պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե չի միջամտել այն դեպքերում, երբ նմանատիպ միջամտությունը կարող էր կանխել այլ աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառումը»:

Կազմակերպությունն այժմ սպասում է Սարի թաղի դեպքերի շուրջ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված հետաքննության արդյունքներին։ «Չափազանց կարևոր է, որպեսզի ուժի անհամաչափ կիրառման, ինչպես նաև չհիմնավորված կամ խտրական ձերբակալությունների վերաբերյալ մեղադրանքները ենթարկվեն անաչառ, լիարժեք և անհապաղ հետաքննության և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության», - նաև ասված է ԵԱՀԿ-ի գրասենյակի գրավոր պատասխանում:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործով օգոստոսի 5-ի դրությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է 8 անձ, որոնցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 5-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով; հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներն անմիջականորեն կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---