Փոստանջյանը ՀՔԿ և ՀՔԾ է դիմել՝ քրեակատարողական հիմնարկ մտնելու արգելքի հարցով

Փոստանջյանը ՀՔԿ և ՀՔԾ է դիմել՝ քրեակատարողական հիմնարկ մտնելու արգելքի հարցով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օգոստոսի 12-ին դիմել է Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ տեղյակ պահելով, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին և կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին։

Գրությունում մասնավորապես ասված է. Նա պահանջել է.

«Ինչպես հայտնի է, խոչընդոտելով իմ պատգամավորական լիազորությունները, ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրիաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի»։

Փստանջյանը հայտնում է նաև, որ լրատվամիջոցներից տեղեկացել է, թե վերը նշված անձանցից մի քանիսին տեսակցել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանասարյանը:

«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում՝ եթե խտրականություն չէ, ապա ի՞նչ հիմքերով են տվյալ անձինք տեսակցել մեր հերոսներին: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման վերաբերյալ», - դիմումում գրել է պատգամավորը:

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին ու հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում ու Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետքերով ձերբակալվածների այցելություններն արգելելու հարցով:

Օգոստոսի 12-ին ՀՀ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ կարծիք հայտնելով, որ «ԱԱԾ տնօրեն Գեորդի Կուտոյանի արարքում հանցակազմ կա»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---