Ադրբեջանի ՀՆԱ-ն հունվար-հուլիսին կրճատվել է 3%-ով

Ադրբեջանի ՀՆԱ-ն հունվար-հուլիսին կրճատվել է 3%-ով

PanARMENIAN.Net - ՀՆԱ անկումն Ադրբեջանում 2016-ի հունվար-հուլիսին կազմել է 3%, հայտնել են «Ինտերֆաքս-Ադրբեջանին» Պետական վիճակագրական կոմիտեից: Ըստ վիճակագրության, ՀՆԱ անվանական ծավալը հաշվետու շրջանում կազմել է 32 մլրդ 122,6 մլն մանաթ:

ՀՆԱ-ի նավթային հատվածի ծավալը 2016-ի հունվար-հուլիսին կազմել է 20 մլրդ 820,1 մլն մանաթ, անկումը` 5,4%: Նավթային հատվածը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին աճել է 2%-ով:

Ըստ վիճակագրության, Ադրբեջանի ՀՆԱ անկումը հաշվետու շրջանում պայմանավորված է 30,7% անկումով շինարարության ոլորտում արտադրության և ծառայությունների գծով:

2016-ի հունվար-հուլիսին ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերությունը կազմել է 38,79%, առևտուրն ու տրանսպորտային միջոցները` 11,3%, շինարարությունը` 9,37%,, տրանսպորտը` 6,88%,, գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունն ու ձկնաբուծությունը`5,68%, զբոսաշրջությունն ու հասարակական սնունդը` 2,72%, տեղեկատվությունն ու կապը` 1,96%, մյուսները` 15,84%:

Հարկերը ՀՆԱ-ում կազմում են 7,46%:

Մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն 2016-ի հունվար-հուլիսին կազմել է 3.340,6 մանաթ` անկումը 4,1%: Ադրբեջանի կառավարությունը 2016-ի համար կանխատեսել էր ՀՆԱ 1,8% աճ:

Շարունակում է արժեզրկվել ադրբեջանական մանաթը: Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների, 2015-ին երկու արժեզրկումների արդյունքում նույնիսկ դոլարի հանդեպ ավելի քան 50 տոկոսով արժեզրկվելով, ադրբեջանական մանաթը դեռ չի հասել անկման «հատակին»: «Հունիսը վատագույնն էր այդ արժույթի համար 2016-ի հունվարից ի վեր, երբ ճգնաժամը նավթի շուկաներում ամենաթեժ փուլում էր»,-ասվում է վերլուծության մեջ:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---