ԱՄՆ դեսպան. Երկուստեք ցանկություն կա խորացնել հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունները

ԱՄՆ դեսպան. Երկուստեք ցանկություն կա խորացնել հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Շաբիթին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Ողջունելով հյուրերին, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը և նշել, որ այն հիմնականում կենտրոնացած է ՀՀ ԶՈՒ փոխգործակցելի կարողությունների զարգացմանն աջակցող կոնկրետ նախագծերի շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող հիմնական նախագծերին` խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացմանը, այս ուղղությամբ ՀՀ ստանձնած նոր պարտավորություններին, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորմանը, Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը նշել է, որ կոնգրեսական Շաբիթի հանդիպումը ՀՀ զինված ուժերի ղեկավարության հետ կարևոր էր՝ հաշվի առնելով Հայաստանի մեծացող դերակատարումը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում: Դեսպանը հավելել է, որ հայ-ամերիկյան ամուր ռազմական հարաբերությունների մասին են փաստում օրերս Գավառի ու Հրազդանի հիվանդանոցներ Կանզասի ազգային գվարդիայի բուժանձնակազմի այցելությունը, ինչպես նաև հայ զինծառայողների վերջերս կատարած այցը Կանզաս նահանգ, և երկուստեք ցանկություն կա առավել խորացնել այդ կապերը: Ըստ դեսպանի` հենց այսպիսի գործընկերություններն են, ինչպիսին հայ-ամերիկյանն է, որ առանցքային են կայուն ազատության ու ապագա բարեկեցության համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների դերակատարությունը ԼՂ հակամարտության բանակցային կարգավորման գործընթացում և նշել, որ հայկական կողմը չափազանց կարևորում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` մշտադիտարկման ավելացման և հետաքննության մեխանիզմների ներդրումը, որը կանխարգելիչ դեր կունենա և պատասխանատվության շրջանակ կսահմանի, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---