Կարմիր խաչը բանակցում է Ադրբեջանում հայտնված քաղաքացուն վերադարձնելու հարցով

Կարմիր խաչը բանակցում է Ադրբեջանում հայտնված քաղաքացուն վերադարձնելու հարցով

PanARMENIAN.Net - Հայկական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բանակցում է ադրբեջանական կողմի հետ՝ Ադրբեջանում հայտնված Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, մոտ 7 օր անհետ կորած համարվող 62-ամյա Հենրիկ Աղեկյանին հնարավորիս շուտ վերադարձնելու ուղղությամբ:

Այս մասին հայտնել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, տեղեկացնում է Tert.am-ը:

«Բանակցություններն ընթանում են, բայց ոչ մի նորություն չեմ կարող հայտնել: Այս պահի դրությամբ հայ քաղաքացու վերադարձի հետ կապված նորություն չկա։ Աշխատում ենք քայլեր ձեռնարկել մեր հայրենակցին հնարավորիս շուտ Հայաստան վերադարձնելու համար»,- ասել է Կապրիելյանը:

Նրա խոսքով՝ իրենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ են բանակցում, քանի որ ադրբեջանական կողմն արդեն 5 տարուց ավելի է հրաժարվում է ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի հետ:

Ադրբեջանի ու ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում երբեմն պատահաբար անցնում են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի տարածքում: 2015-ի նոյեմբերի 12-ինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացին՝ տարեց կինը, որը նոյեմբերի 8-ին հատել էր սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։

2016-ի հունիսի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջանին է հանձնվել քաղաքացիական անձը՝ կինը, որը հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում:

Սակայն ՀՀ քաղաքացիները հաճախ սպանվում են, ինչպես տեղի ունեցավ Կարեն Խոջոյանի կամ ԼՂՀ բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքում: Երբեմն ադրբեջանցիներն անցնում են կամ փորձում են անցնել ՀՀ՝ բողոքելով երկրում անարդարությունից: Նման անհաջող փորձ տեղի էր ունեցել 2015-ի հոկտեմբերին, իսկ 2016-ի փետրվարին 20-ից ավելի ադրբեջանցիներ սպիտակ դրոշներով փորձել էին անցնել ԼՂՀ:

Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992-ից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---