Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքն է դրվել

Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքն է դրվել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:

Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաև ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15.750 քառակուսի մետր:

Մայիսի 10-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և Սան Պաուլոյում Հայաստանի պատվո հյուպատոս, համայնքային գործիչ և բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ դեսպանության շենքը կառուցվում է Բուրմայան ընտանիքի և մասնավորապես՝ բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի նվիրատվությամբ: Դեսպանության շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առավելագույնը 12 ամսում:

«Մեր բարեկամությունը սկսել է 1992-ից և վերջերս շատ ավելի ամրապնդվել է, անշուշտ, նաև ձեր ներկայությամբ այստեղ, պարոն Նախագահ: Այն համաձայնությունները, որ ստորագրեցինք էլ ավելի պետք է ամրապնդեն մեր բարեկամությունը և մեր երկկողմ հարաբերությունները: Վստահ եղեք, որ այս հարաբերությունները ավելի պետք է ամրապնդվեն տնտեսական ներդրումների և առողջապահական ոլորտներում: Եվ այս արարողությունը, որ տեղի է ունենում դեսպանատանը, պետք է լինի հիմք մեր երկու երկրի միջև նոր և ապագայի բարգավաճ ու խոստումնալից հարաբերությունների համար»,- իր ելույթում ասել է ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան:

«Հայաստանի և Բրազիլիայի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել և ամրապնդվել են բազմաբնույթ կապեր: Նախագահ Սարգսյանի այս այցը հիմք է հանդիսանալու նոր խոստումնալից նախաձեռնություններով մեր ընդհանուր օրակարգի համալրման, հայ-բրազիլական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանն ու Բրազիլիան բարեկամության, հարգանքի և վստահության հիմքի վրա առավել ամրապնդեն սերտ հարաբերությունները երկու պետության ու ժողովուրդների միջև։ Սա է այն գլխավոր ուղերձը, որը մենք այժմ ՀՀ նախագահի ներկայությամբ զետեղելու ենք նոր դեսպանատան հիմքում»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիմնարկեքի արարողության ավարտին ստորագրվել է համատեղ հուշաթերթ և պարկուճ դրվել կառուցվող դեսպանատան հիմքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---