Ուորլիք. Օգոստոսին նախագահների հանդիպում չի սպասվում

Ուորլիք. Օգոստոսին նախագահների հանդիպում չի սպասվում

PanARMENIAN.Net - Համանախագահները շարունակում են պահպանել սերտ կապն ու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն օգոստոսին ոչինչ չի ծրագրվում: Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում երկու նախագահը բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու նպատակով կրկին հանդիպելու ցանկություն էին հայտնել: Մենք դիտարկում ենք նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Առաջարկները ուսումնասիրելու համար մենք մշտապես շփումների մեջ ենք նախագահների և նախարարների հետ»,- ասել է ամերիկացի համանախագահը, ադրբեջանական APA գործակալությանը հղումով հայտնում է Civilnet.am-ը:

Օգոստոսի 3-+ին ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---