«Ժառանգությունը» ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու, քանի դեռ կուսակցության անդամները կալանավորված են

«Ժառանգությունը» ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու, քանի դեռ կուսակցության անդամները կալանավորված են

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ամբողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

«Անհիմն մեղադրանքներով նրանց կարող են դատապարտել 4-10 տարի պատժաչափերով ազատազրկման: Մինչդեռ հասարակությունը լայնորեն տեղյակ է և մամուլի անդրադարձերը հաստատում են հակառակ պատկերը. այս անձինք եղել են առաջին գծում` հանդարտեցնելով կրքերը ավելի ագրեսիվ դարձող ոստիկանության և ցուցարարների միջև: Մեր կուսակցության այս երեք առանցքային գործիչների ձերբակալությունը (և հետագա կալանավորումը) կաթվածահարման է ուզում հասցնել մեր գործունեությունը և կարող է իմաստազուրկ դարձրել մեր մասնակցությունը առաջիկա ընտրություններին, արդեն այս պահից խեղելով այդ ընտրություններն ընդհանրապես:

Մենք կոչ ենք անում ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության երեք անդամներին, ինչպեսև Հանրապետությունում առկա բոլոր քաղբանտարկյալներին: Առանց այս քայլի և առաջիկա ամիսներին երկրի քաղաքական կյանքը վերափոխելուն միտված արմատական այլ միջոցառումների, Հայաստանի ընդդիմությունը առավելևս դուրս կմղվի ընտրական գործընթացներից` սահելով դեպի ավելի անկանխատեսելի պայքարի մեթոդներ», - ասված է հայտարարությունում:

Օգոստոսի 2-ին «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու կուսակցության անդամ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Սանասարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Հովսեփ Խուրշուդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---