ՄԻՊ. Մազմանյանի երեխաները կգնան դպրոց, կապահովվեն գրենական պիտույքներով, հագուստով

ՄԻՊ. Մազմանյանի երեխաները կգնան դպրոց, կապահովվեն գրենական պիտույքներով, հագուստով

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվում է, որ Մազմանյանի կնոջ՝ Քրիստինե Արամյանի օգոստոսի 5-ի դիմումի հիման վրա նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

Քննարկման շրջանակներում, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Մհեր Մազմանյանին:

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ կատարված ուսումնասիրությունների և Մազմանյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի հիման վրա կատարվել են հետևյալ աշխատանքները.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների հիման վրա քրեական հետապնդում իրականացնող մարմնին են ներկայացվել անձին արգելանքի վերցնելու հետևանքով առանց գոյատևման միջոցների մնացած անչափահասների խնամքի իրավունքի իրացման, ինչպես նաև Մազմանյանի տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելքի հետ կապված հարցերը և օրենքի համաձայն՝ պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:

2. Երևանի քաղաքապետարան է ներկայացվել Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցը՝ առաջարկելով քննարկել այն: Կարևորվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնում Մազմանյանի ընտանիքը հաշվառելու, ինչպես նաև անապահով ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության ծրագրերում և ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու հարցերը:

3. ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել պարզաբանումներ տրամադրելու պահանջ Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված հարցի կապակցությամբ:

4. Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ աշխատանքներ են սկվել նաև միջազգային կազմակերպությունների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները նախնական ուսումնասիրություններ կատարելու համար այցելել են Մազմանյանի ընտանիքին: Այցելության ընթացքում նրանց կողմից գնահատվել են Մազմանյանի ընտանիքի առաջնահերթ կարիքները և անհապաղ լուծում պահանջող սոցիալական խնդիրները:

Արդյունքում արդեն իսկ նախատեսվել է՝ կազմակերպել Երևանում Մազմանյանի երեխաների ուսումը, նրանց ապահովել գրենական պիտույքներով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով, երեխաներին տրամադրել հոգեբանական աջակցություն, ինչպես նաև աջակցել Արամյանին և նրա չափահաս զավակին աշխատանքով ապահովելու հարցում: Բացի այդ, առաջարկվել է նաև կազմակերպել երեխաների հանգիստը մանկական ճամբարում (այս հարցը ներկայում գտնվում է քննարկման փուլում):

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ օրենքի պահանջների համաձայն, չեն հրապարակվում բողոքի քննարկման ընթացքում ձեռք բերված այն տեղեկությունները կամ ձեռնարկված այն քայլերը, որոնք դեռ գտնվում են քննարկման կամ լուծման փուլում կամ առնչվում են մասնավոր կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ոչ հրապարակային տվյալների:

Նշվում է, որ Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հուլիսի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել են հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք: Նրանց թվում է ազատամարտիկ Մհեր Մազմանյանը:

Մազմանյանն ունի յոթ երեխա, նրանցից վեցն անչափահաս են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---