Ռուսաստանի մշակույթի օրերը ՀՀ-ում. Մարիինյան թատրոնի մենակատարներ, ցուցահանդեսներ, կինոակումբի բացում

Ռուսաստանի մշակույթի օրերը ՀՀ-ում. Մարիինյան թատրոնի մենակատարներ, ցուցահանդեսներ, կինոակումբի բացում

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա՝ օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր:

Ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հոգևորականների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական և մանկական նկարների ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաև «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի և կինոյի ոլորտի վարպետության դասեր։

Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հանդիսավոր գալա-համերգով, որին կմասնացեն «Օտրադա» մանկական երգչախումբը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և շնորհալի պատանիներ Ռուսաստանից: Համերգին զուգընթաց կգործի «Ռուսաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:

«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում կմատուցվի հանդիսավոր պատարագ, ծաղկեպսակ կդրվի, այնուհետև, ժամը 18:00-ին Հայորդաց տան դահլիճում կբացվի «Եկեղեցական ճարտարապետություն» լուսանկարչական ցուցահանդեսը, և ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի հոգևորականների երգչախումբը:

Օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ին երգչախումբը հանդես կգա Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում, որտեղ նաև կբացվի «Ռուս ուղղափառ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Ծրագիրը կշարունակվի սեպտեմբերի 2-ին. Եղեգնաձորի մշակույթի տանը, ժամը 18:00-ին, ելույթ կունենա մանկական երգչախումբը, իսկ Երևանում ժամը 19:00-ին՝ «Բիս Կվիտ» համույթը:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Ռուսաստանի ազգագրության թանգարանի լուսանկարների հավաքածուից կազմված «Ընտանիքը Եվրասիայի ժողովուրդների կյանքում. ΧΧ դար» խորագրով ցուցահանդեսը:

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կկայանան «Բալթյան տուն» թատերական փառատոնի ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Շուբի և այլ թատերական գործիչների վարպետության դասընթացները:

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում սեպտեմբերի 4-6-ը, կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, վարպետության դասընթացներ կանցկացնեն նույն ինստիտուտի դասախոսները:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19։00-ին Մոսկվայի տանը կկայանա ՌԴ ժովրդական արտիստ Ալեքսանդր Միխայլովի ստեղծագործական երեկոն: Անվանի դերասանը կհանդիպի նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին, որոնց համար կանցկացնի վարպետության դասեր:

Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերը կեզրափակվեն սեպտեմբերի 14-18-ը՝ Ռուսական կինոյի օրերով. Երևանում, Գյումրիում և Աբովյանում կցուցադրվեն վերջին տարիների ռուսական լավագույն խաղարկային ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---