Մարդու իրավունքների պաշտպանը ողջունել է Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու որոշումը

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունել է Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու որոշումը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքի դեմ բողոքը բավարարելու և նրա խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումը:

«Կալանքի՝ որպես անձին ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցի կիրառումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ քրեական վարույթի ընթացքում այդ անձի օրինական վարքագիծը հնարավոր չէ երաշխավորել կամ ապահովել ազատությունից զրկելու հետ չկապված այլ միջոցներով: Բացի այդ, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս կարևոր նշանակություն պետք է ունենա անձի՝ հանցանք կատարելու կամ փախուստի դիմելու իրական հնարավորության գնահատումը կամ անձի կողմից իր վրա օրենքով կամ դատական ակտով դրված պարտականության կատարման ապահովման իրական անհրաժեշտությունը: Ընդ որում, կալանքի կիրառության հիմքերի առկայության հարցը գնահատելիս յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ սկսած ենթադրյալ հանցանքին անձի առնչության աստիճանից մինչև նրա անձնական և ընտանեկան կյանքի հանգամանքների քննարկումը», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում:

Թաթոյանը նշել է, որ անազատության մեջ պահելու հարցեր քննարկելիս նշված չափանիշները պետք է դառնան Հայաստանի իրավական կյանքի իրական մաս, իսկ դրանց լիարժեք կիրառությունը՝ արմատավորված անշրջելի պրակտիկա:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 17-ին Մարտիրոսյանը կալանավայրից ազատ է արձակվել։ Կալանքի փոխարեն նա ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց:Մարտիրոսյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ամբողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: Այս մասին ասվում էր կուսակցության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---