Քոչարյան. Փոխզիջումների մասին կարելի է խոսել, երբ Բաքուն հայտարարի զիջումների մասին

Քոչարյան. Փոխզիջումների մասին կարելի է խոսել, երբ Բաքուն հայտարարի զիջումների մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմից փոխզիջումների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն հայտարարի զիջումների մասին։ Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ առ այսօր Բաքուն որևէ հայտարարություն չի արել զիջումների մասին, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով հարցին, թե հայկական կողմը խոսում է փոխզիջումներից և ի՞նչ է պատրաստ զիջել, Շավարշ Քոչարյանն ասել է.«Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում,նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ: Այլ բան է, որ բանակցային գործընթացների մասին խոսելիս հայկական կողմերն ասում են՝ այո, փոխզիջումների պատրաստ են ընդհանուր, բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից դիրքերն ավելի են կոշտանում, ապա հայկական կողմերից փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ բանակցային գործընթացը ենթադրում է գնալ փոխզիջումների, սակայն քանի դեռ կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել ինչ զիջումների է պատրաստ, ապա հայկական կողմից զիջումների մասին խոսելը տակտիկական կոպիտ սխալ է:

Հարցին, թե հայկական կողմը որպես զիջում ի՞նչ է պահանջում Ադրբեջանից և ի՞նչ սպասելիքներ ունի, Շավարշ Քոչարյանը պատասխանել է.« Մեր նպատակը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և պետք է երաշխավորված լինի ԼՂ-ի ժողովրդի և պետության անվտանգությունը: Այդ երկու հարցադրումը հստակ դրված է և դրա մասին բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է դետալներին, ինչպես դրան հասնել, դա արդեն այլ խնդիր է, ինչը պայմանավորված է նաև այն կողմի դիրքորոշմամբ, իսկ բանակցային կողմի դիրքորոշումը շատ կոշտ է, և այս պարագայում խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է»:

Անդրադառնալով այն հարցին, թե Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո ռուսական կողմում հրապարակումներ եղան եռակողմ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին և արդյոք նախատեսվում է նման հանդիպում` Քոչարյանն ասել է, որ նման ձևաչափի հանդիպումներից հայկական կողմը երբեք չի խուսափել, եթե այդ հանդիպումներում կարելի է հասնել որևէ արդյունքի:

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով՝ տվյալ դեպքում արդյունքը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։

«Արդյունքը կարող է լինել թե՛ տեղաշարժը բանակցային գործընթացում, թե՛ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները կյանքի կոչելը, այսինքն՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը, հավատարիմ մնալը 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրին, Կասպրշիկի խմբի առաքելությունների ավելացմանն ու սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը»,– ասել է Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ պայմանավորվածություններում առաջընթաց կլինի այն դեպքում, երբ սկսեն գործել այդ մեխանիզմները:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Յուրաքանչյուր հակամարտության լուծումը կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։«Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են», - ասել է նա՝ շարունակելով․ «Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։

ՌԴ-ն չի պատրաստվում Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել ղարաբաղյան հակամարտության որևէ պատրաստի լուծում, սակայն պատրաստ է աջակցել կողմերի առաջարկած ցանկացած տարբերակին: Այդ մասին է հայտարել օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ Պուտինի, փոխզիջումային տարբերակը նախատեսում է «տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան հասկանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ուսերին ընկած բեռի ողջ ծանրությունը:

Ընթերցեք նաև. ԼՂՀ նախագահ. «Պատրաստ ենք զիջումների գնալ, եթե դրանք չեն խաթարում երկրի անվտանգությունը»

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---