Արմեն Մարտիրոսյան. Փաշինյանը հաստատել է ոստիկանների ցուցմունքը

Արմեն Մարտիրոսյան. Փաշինյանը հաստատել է ոստիկանների ցուցմունքը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանքից գրավով ազատ արձակվելուց հետո իր առաջին ասուլիսում ասել է, որ մեղադրանքն անհիմն էր ու լրագրողները պարզ տեսել են, թե ոստիկանապետի թիկնազորի ներկայացուցիչը քարը ձեռքին ինչ օպերատիվ ծառայություն էր այնտեղ իրականացնում, քաղաքացիական հագուստով ինչ մարդիկ էին ոստիկանների հետևում գործում, գրում է «Առավոտը»:

«Այդ ամեն ինչը տեսել եք և կադրերում ապացուցվել է ոչ միայն իմ, այլև մյուս քաղբանտարկյալների անմեղությունը», ասել է Մարտիրոսյանը:

Նա մաղթել է Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Սանասարյանին և Հովսեփ Խուրշուդյանին շուտափույթ ազատում: Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց՝ պատգամավորներին, հասարակական դաշտի ներկայացուցչներին, որոնք «պայքարել են իր և մյուս քաղբանտարկյալների ազատության համար»:

Արմեն Մարտիրոսյանը խոսել է նաև իր համար անընդունելի պահվածք դրսևորած պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին, որը Արմեն Մարտիրոսյանի խոսքերը յուրովի է մեկնաբանել: «Այն, ինչ խոսել է Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է ինձ համար: Ես երբեք թույլ չեմ տա ինձ որևէ կալանավորվածի հետ կապված հարցադրումներ ներկայացրել, որքան էլ հիմնավոր դրանք լինեն: Ինքը հղում է անում և ասում խոսքեր, որոնք, ըստ էության, ոստիկանության ներկայացուցիչներն են իրենց ցուցմունքում գրել և չեն համապատասխանում իրականությանը: «Սասնա ծռերի» գրաված գունդ այցելելու և իբր թե այնտեղ մարդկանց տանելու իմ ցանկության մասին՝ նմանատիպ ցանկություն երբևիցե չի եղել: Երբ ես ասում եմ, որ ժողովուրդը պետք է միանա «Սասնա ծռերին», կարող են իրենք հասկանալ, որ պետք է սուպեր սոսնձով ժողովուրդը գնա և կպնի ծռերին: Որքան էլ ընդունենք կամ չընդունենք ՊՊԾ գնդի գրավումը, ակնհայտ է, որ իրենց պահանջները քաղաքական են»,-ասել է նա:

Արմեն Մարտիրոսյանը հավելել է նաև, որ կա իր խոսքերի ամբողջական ձայնագրությունը. «Ես խորը մտահոգություն եմ հայտնում, որ հանկարծ ժողովուրդն այդ ուղղությամբ չգնա, ես հստակ նշում եմ, որ դեմ եմ, որ ժողովուրդը գնա ՊՊԾ գնդի ուղղությամբ: Քաղաքական գործչին սազական չէ, որ անազատության մեջ գտնվող իր գործընկերոջն իրեն չպատկանող խոսքեր վերագրի»:

Ւնչ վերաբերում է զենքի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը` որ քրեական տարրերի ձեռքում չհայտնվի, բա ո՞ւմ ձեռքին պետք է լիներ զենքը՝ Արմեն Մարտիրոսյանը որպես պատասխան ներկայացրել է իր տարբերակները. «Զենքը գտնվում է այն ոստիկանների վերահսկողության ներքո, որոնք անցնում են ժողովրդի կողմը: Գրեթե 20 հազար ոստիկանության պարագայում ընդամենը մի քանի ոստիկան են, որ մնացել են իշխանություններին պաշտպան: Զենքը կարող է վերահսկել Երևանում գտնվող զինվորական ստորաբաժանումներից որևէ մեկը: Զենքը կարող էր վերահսկել ԱԱԾ-ի որևէ ստորաբաժանում: Զենքը կարող էր վերահսկել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից մեկը, արտակարգ պայմաններում իրենք ևս ուժային կառույց են համարվում: Զենքը կարող էր վերահսկվել ժողովրդական միլիցայի կողմից»:

Մարտիրոսյանը հորդորել է, որ իր խոսքերը որևէ մեկն իր հայեցողությամբ չմեկնաբանի. «Ես դեռևս սրբերի դասում չեմ, այն, ինչ իմ մտքում կա, ես կարող եմ շատ հանգիստ մեկնաբանել: Իմ փոխարեն թող որևէ մեկը չմեկնաբանի»:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 17-ին Մարտիրոսյանը կալանավայրից ազատ է արձակվել։ Կալանքի փոխարեն նա ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց:Մարտիրոսյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ամբողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: Այս մասին ասվում էր կուսակցության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---