ԿԳ նախարար. Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ միջին մասնագիտական կրթության մեջ երկակի մասնագիտությունները շատ կարևոր են

ԿԳ նախարար. Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ միջին մասնագիտական կրթության մեջ երկակի մասնագիտությունները շատ կարևոր են

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նախարարը նշել է, որ սա հերթական քննարկումն է` նոր ուսումնական տարվանն ընդառաջ. յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին սկսվում են օգոստոսյան քննարկումները: Բարձրացված հարցադրումները հիմնականում նույնն են` ի՞նչ խնդիրներ ունեն ուսումնական հաստատությունները, ինչպե՞ս են տարին սկսելու, հատկապես ի՞նչ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնել, հայտնում է Yerkir.am-ը:

«Միջին մասնագիտական մասնագիտությունների ցանկը երկրում պետք է շատ կարևոր ֆունկցիա կատարի, այն պետք է կարողանա մեր բնակչության կապն ապահովել աշխատաշուկայի հետ: Ոլորտում խնդիր կա մասնագիտությունների հարցում, քանի որ ուսանողներն ավարտելուց հետո չեն կարողանում աշխատաշուկայում գտնել աշխատանք, և քոլեջները հաճախ սկսում են ծառայել դեպի բուհ անցումային փուլին և ոչ թե առանձին մասնագիտական որակ են տալիս»,- ասել է նախարարը:

Միջին մասնագիտական կրթության ոլորտի հզոր խաղաքարտը, ըստ նրա, այն է, որ երիտասարդը, երկու տարի սովորելով, ստանում է մասնագիտություն, որի միջոցով էլ հետո կայանում է աշխատաշուկայում: «Մեր ժողովրդի մեջ կա մի մտածողություն, թե կրթությունը պետք է լինի արագ, անընդհատ ու շարունակական, և պարտադիր կրթության մեջ նույնիսկ մագիստրատուրան են մտցրել հիմա: Միջին մասնագիտականների համար շատ կարևոր է, որ իրենք համոզմունք ունենան, որ ավարտական ձևաչափ են ստանում, իսկ ուսանողը պետք է կյանքում իրեն փորձեն, և եթե փորձի ժամանակ զգա, որ ունի բարձրագույն կրթության կարիք, նոր միայն կարող է բակալավր կամ ևս մեկ աստիճան ավելի բարձր սովորել»,- նշել է Մկրտչյանը:

Ըստ նրա` պետք է կարողանալ աշխատել նաև աշխատաշուկայի հետ, չնայած այն հանգամանքին, որ երկրի աշխատաշուկան ձևավորման բարդ գործընթացի մեջ է: Սակայն, նախարարի համոզմամբ, գոնե այն ոլորտներում, որտեղ կայացած աշխատաշուկա ունենք, պարտավոր ենք կապը հզորացնել:

Նա նշել է նաև, որ ապրիլյան դեպքերից հետո պետք է վերանայվի նաև մասնագիտությունների ցանկը: «Այս ընթացքում հասկացանք, որ միջին մասնագիտական կրթության մեջ երկակի մասնագիտությունները շատ կարևոր են, օրինակ` հրետանու, տրակտորիստի մասնագիտությունները: Երիտասարդները, որոնք զորակոչվում են բանակ, պետք է ավելի խորը գիտակցված մասնագիտական կրթություն ունենան, հատկապես` զրահատեխնիկային տիրապետելու համար»,- ասաց նախարարը:

ՀՀ-ում գործում են 80 միջին և 27 նախնական մասնագետական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, որոնցում սովորում է համապատասխանաբար մոտ 28000 և 6500 ուսանող' հումանիտար, մանկավարժական, առողջապահական, տնտեսագիտական, արվեստի, տեխնիկական, տեխնոլոգիական մասնագիտական ուղղություններով: Շրջանավարտներին շնորհվում է արհեստավորի և մասնագետի որակավորում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---