Պուտինը դիվերսիան Ղրիմում բացատրել է «Մինսկի պայմանավորվածությունների» ձախողմամբ

Պուտինը դիվերսիան Ղրիմում բացատրել է «Մինսկի պայմանավորվածությունների» ձախողմամբ

PanARMENIAN.Net - Ղրիմում դիվերսիայի փորձը Կիևը ձեռնարկել է` չցանկանալով կամ չկարողանալով իրագործել Մինսկի պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում Անվտանգության խորհրդի նիստում:

«Պարզ է, ինչու է դա արվել` Ուկրաինայում չեն ցանկանում, կամ չեն կարողանում ինչ-ինչ նկատառումներով կատարել Մինսկի պայմանավորվածությունները»,-ասել է Պուտինը: Նա ենթադրել է նաև, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարողանում բացատրել իրենց քաղաքացիներին «զգալի բացթողումները սոցիալ-տնտեսական քաղաքականության ոլորտում»,-ասել է նա:

Պուտինը նշել է, որ հուսով է, որ Ուկրաինայում կգերիշխի սթափ բանականությունը` Մոսկվան չի պատրաստվում կապերը խզել Կիևի հետ, չնայած վերջինս չի «ցանկանում լիարժեք դիվանագիտական հարաբերություններ ունենալ»: «Կստեղծենք բոլոր պայմանները շփումների համար»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:

Օգոստոսի 10-ին Ղրիմում դիվերսիաներ նախապատրաստելու գործով 9 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ իրավապահ մարմիններում:«Այսօրվա դրությամբ ձերբակալվել է արդեն 9 մարդ, որից 2-ը կալանավորվել է: Առաջիկա 24 ժամում նրանց մեղադրանք կներկայացվի ահաբեկչության կազմակերպման և ահաբեկչական գործունեությանը նպաստելու հոդվածներով»,-ասել է աղբյուրը: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ 2 անձ, որոնց ավելի ուշ են ձերբակալել, թերակղզու բնակիչներ են, որոնք վերջերս են ՌԴ քաղաքացիություն ստանցել:

Ավելի վաղ Սիմֆերոպոլում դիվերսիա նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել էին Ուկրաինայի Զապորոժիեի մարզի բնակիչներ Եվգենիա Պանովան և Ղրիմի բնակիչ Անդրեյ Զախտեյը:

 Ուշագրավ
---