ԶԼՄ-ներ. ՀՀ և Ուկրաինայի ֆեդերացիաները կբողոքարկեն Ռիոյում ըմբշամարտի մրցավարությունը

ԶԼՄ-ներ. ՀՀ և Ուկրաինայի ֆեդերացիաները կբողոքարկեն Ռիոյում ըմբշամարտի մրցավարությունը

PanARMENIAN.Net - Ուկրաինացի 85 կգ քաշային ըմբիշ Ժան Բելենյուկը, որը Ռիո դե Ժանեյրոյում արժանացել է արծաթե մեդալի, հայտարարել է, թե իր երկրի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիաները պատրաստվում են բողոք ներկայացնել Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցավարության դեմ, հայտնում է «Առավոտը»:

Օգոստոսի 16-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով:

Անդրադառնալով եզրափակչում ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեից կրած պարտությանը՝ ուկրաինացին ասել է, թե մրցավարները մրցակցին մի փոքր օգնեցին, թեեւ դրանում իր մեղավորության բաժինն էլ կա, քանի որ թույլ տվեց նրան օգնել: Իսկ ահա Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ եզրափակիչ գոտեմարտի մասին Բելենյուկը հաստատել է՝ հայ ըմբիշին պարտություն գրանցվեց մրցավարական բացահայտ կողմնակալությամբ:

«112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Բելենյուկն ասել է, որ նման մրցավարության պայմաններում հունահռոմեական ըմբշամարտը կարող է դուրս մնալ օլիմպիական ծրագրից: «Միանգամայն անհամարժեք որոշումներ են կայացվում: Մարդիկ չեն հասկանում` ինչի համար են միավորներ տրվում և ինչու է այդպես: Երկակի չափանիշներ են գործում: Ոմանց միավորներ տալիս են նույն իրավիճակում, մյուսներին` ոչ: Այդպիսի իրավիճակում վճռական դեր է ունենում երկիրը, որը ներկայացնում է մարզիկը»,-ասել է ուկրաինացի ըմբիշը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Change.org կայքում ստորագրահավք է սկսվել հօգուտ Միհրան Հարությունյանի, որն արդեն մոտ 33.000 մարդ է ստորագրել: Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում միջազգային ֆեդերացիաներին, ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիային, վերականգնել արդարությունը:

«Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է պահանջագրում, որը տեղադրված է Change.org կայքում:

Հարությունյանը պարտված համարվեց սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում աչքի հատվածում վնասվածք է ստացել: Երկրորդ խաղակեսում Ստեֆանեկն իրեն հատկապես պասիվ էր դրսևորում ու խախտում կանոնները: Կիսաեզրափակչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4-1 հաշվով:

Մրցավարներն անարդարացիորեն միավոր տվեցին Շտեֆանեկին` իբր, Հարությունյանի պասիվության համար: Ըստ սպորտային մեկնաբանների, մրցավարներն այդպիսով նվեր մատուցեցին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ազգությամբ սերբ Նենադ Լալովիչին:

Զայրանալով` Հարությունյանը պոկել է վիրակապը, որը դրվել էր ձախ աչքին վնասվածքի պատճառով: Մեդալների հանձնման արարողության ժամանակ հայ ըմբիշը չկարողացավ զսպել արցունքները և չսեղմեց Լալովիչի ձեռքը: «Ես չեմ պարտվել: Կյանքում առաջին անգամ չեմ ամաչում դա ասել: Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր` ինձ ուղղակի թույլ չեն տալիս իմ տեղը զբաղեցնել պատվո հարթակում: Իմ առաջին տեղը, որը ես վաստակել եմ: Եթե պարտվել եմ` պարտվել եմ, բայց երբ ես հաղթում եմ, ինձ պետք է հնարավորություն տան զբաղեցնել իմ տեղը: Ես հիասթափված եմ և այլևս ոչինչ չեմ ուզում ասել»,-ասել է Հարությունյանը լրագրողներին: Նա նշել է, որ «առջևում էր 1:0 հաշվով, ակտիվ էր աշխատում, առաջևում էր ամբողջ գոտեմարտի ընթացքում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---