«Սասնա ծռերից» Թորոս Թորոսյանի կալանքը վերացնելու միջնորդությունը մերժվել է

«Սասնա ծռերից» Թորոս Թորոսյանի կալանքը վերացնելու միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանն օգոստոսի 22-ին մերժել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանքը վերացնելու կամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թորոսյան մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պատանդ վերցնելը և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը և փոխադրելը։

Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասել է, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում և պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Թորոսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում` Սիմոնյանն ասել է, որ մասամբ այո, որովհետև նախաքննական մարմինը չի նշում, թե կոնկրետ ինչ գործողություն է արել իր պաշտպանյալը։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից, ևս մեկ վիրավոր ոստիկան մահացավ հիվանդանոցում:

Ի պաշտպանություն խմբի Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---