Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի որպես Օլիմպիադայի ոսկե մեդալակիր

Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի որպես Օլիմպիադայի ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ռիո-2016-ին 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ: Այս մասին հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, հայտնում է Tert.am-ը:

Օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով:

«Ինչպես ամբողջ միջազգային հանրության, հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու նրա նախագահի համար Միհրան Հարությունյանը հաղթող է և ոսկե մեդալակիր: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում ունի, որ Հայաստանում Միհրան Հարությունյանին դիմավորելու և պարգևատրելու են որպես ոսկե մեդալակրի: Խոսքը և՛ գումարային պարգևի մասին է, և՛ մնացած արտոնությունների»,-ասել է Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարական կազմի վարվելակերպը բողոքարկվելու և դրա ընթացակարգի մասին տեղեկություն չունի. «Այս պահին Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, ինքս նույնպես գտնվում եմ արձակուրդում, և այդ առնչությամբ դեռևս տեղեկություն չունեմ»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը բողոքարկմանը վերաբերող հարցին ի պատասխան ասել է, որ այդ և այլ հարցերի կպատասխանի միայն Հայաստան վերադառնալուց հետո:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Change.org կայքում ստորագրահավք է սկսվել հօգուտ Միհրան Հարությունյանի, որն արդեն մոտ 33.000 մարդ է ստորագրել: Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում միջազգային ֆեդերացիաներին, ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիային, վերականգնել արդարությունը: «Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է պահանջագրում, որը տեղադրված է Change.org կայքում:

Ռիոյում ավարտված 31-րդ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած և կողմնակալ մրցավարության պատճառով ոսկուց զրկված ըմբիշ Միհրան Հարությունյանը գրառում է կատարել VK սոցցանցում` իր երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ով «չվարանեց իր կարծիքը հայտնել Ռիոյի Օլիմպիական խաղերում իր եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---