Հավաք և երթ Երևանում ի աջակցություն «Սասնա ծռերի» վիրավոր անդամների

Հավաք և երթ Երևանում ի աջակցություն «Սասնա ծռերի» վիրավոր անդամների

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների, տեղի է ունենալու հավաք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի մոտ։ Այդ մասին հայտարարություն է տարածել նախաձեռնող խումբը, հայտնում է Panorama-ն:

Հավաքից հետո երթով շարժվելու են դեպի արդարադատության նախարարություն և ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Երթի մասնակիցները բարձրաձայնելու են խմբի վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու հարցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման և խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Մինչ այդ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների համար բուժակի հերթապահության անհրաժեշտություն այլևս չկա և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար: Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից` նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---