ԶԼՄ-ներ. Սիրիական Էլ Հասակեի մատույցներում 230 զինծառայող և աշխարհազորային հանձնվել է քրդերին

ԶԼՄ-ներ. Սիրիական Էլ Հասակեի մատույցներում 230 զինծառայող և աշխարհազորային հանձնվել է քրդերին

PanARMENIAN.Net - Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները «Ասաիշ» զինված խմբավորման հետ միասին Սիրիայի արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա պատանդ են վերցրել 230 սիրիացի զինվորի և սիրիական ժողովրդական աշխարհազորի մարտիկների, հայտնում է Tert.am-ը ANFNews-ի վրա հղումով:

Քրդական լրատվական գործակալության տվյալներով՝ օգոստոսի 21-ին քրդական ջոկատներին հաջողվել է շրջապատել կառավարական զորքերի և աշխարհազորայինների զինծառայողներին Էլ Հասաքեի արևելքում: Մեկ օր դիմադրությունից հետո 230 զինծառայող և աշխարհազորային զենքով հանձնվել է:

Սիրիական բանակի հրամանատարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

Քրդական ջոկատների և կառավարական զորքերի միջև մարտերն Էլ Հասակեում սկսվել են օգոստոսի 16-ին: Սիրիական բանակի հայտարարության համաձայն՝ քրդերը հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա և փորձել են գրավել քաղաքը: Սիրիական ռազմաօդային ուժերն իրենց հերթին երկու անգամ հարվածներ են հասցրել քրդական զինված խմբավորումների դիրքերի վրա:

Սիրիական Էլ Հասակե քաղաքում, չնայած ընթացող ծանր մարտերին, դեռևս 60 հայ ընտանիք է մնում: Ղամիշլիի Ազգային առաջնորդարանի տնօրինությունը համապատասխան կարգադրություններ է արել և նրանք պատրաստ են ընդունել այն հայերին, որոնք կցանկանան հեռանալ Էլ Հասակեից:

Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ քրդերին զորակցելու նպատակով հատուկ կործանիչներ է գործուղելու:

Մոտ 2 տարի առաջ, երբ ԻՊ խմբավորումը մտավ Էլ Հասակե, տեղի հայերը ստիպված եղան հեռանալ քաղաքից և ժամանակավորապես հաստատվել Ղամիշլիում, որն ավելի ապահով և խաղաղ շրջան է համարվում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---