Սեպտեմբերի 1-ից վարորդներն այլևս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին

Սեպտեմբերի 1-ից վարորդներն այլևս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից վարորդներն այլևս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին, պատահարները կգրանցեն ՃՈ աշխատակցիները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը հայտնում է Yerkir.am-ը:

Եթե վերջին շրջանում պատահարի արդյունքում մինչև 50 հազար դրամ նյութական վնասի դեպքում վարորդները կարող էին ինքնուրույն լրացնել համապատասխան հայտարարագիրը` չսպասելով ԱՊՊԱ գործակալների ժամանելուն, ապա սեպտեմբերի 1-ից ինքնուրույն կարող են գրանցել մինչեւ 100 հազար դրամ: «Վարորդները կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագիրը եւ 5-ից 7 րոպե հետո մեքենաները վթարի վայրից տեղափոխել: Սա համարվում է հնարավորություն, ոչ թե` պարտավորություն»,- ասել է Ավետիսյանը:

Վթարի ինքնուրույն հայտարարագրման համար նախկին սահմանափակումները գործում են:

Ավետիսյանը հայտարարել է նաև, որ ԱՊՊԱ համակարգն անցնում է Ապահովադիրների՝ ավտոմեքենաների սեփականատերերի վրա հիմնված բոնուս-մալուս համակարգին, հայտնում է Panorama.am-ը:

«Այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին), և ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում՝ առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու»,- մանրամասնել է նա՝ հորդորելով ավտոմեքենան վարման հանձնել միայն կարգապահ վարորդների, քանի որ ավտոմեքենայի վթարի արդյունքում կիրառվող բունուս-մալուս համակարգը տարածվելու է միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ:

Նա նշել է, որ այս համակարգն ի սկզբանե չեն ներդրել, քանի որ այս հինգ տարիների ընթացքում սեփականատերերի հետ համատեղ կառավարել են ռիսկերը, ստեղծել են վարորդների վթարների պատմությունը հաշվառող համակարգ, որից այս պահին սեփականատերերը կարող են օգտվել, տեսնել՝ որ վարորդն ինչ վթարների վիճակագրություն ունի, որոշումներ կայացնել: «Այսինքն մեծացնում ենք սեփականատերերի ինքնուրույնությունը, հեշտացնում ենք պայմանագրերի կնքման գործընթացը՝ միաժամանակ տալով հնարավարություն սեփականատարերին ծանոթանալու այս կամ այն վարորդի վթարների վիճակագրությանը, իհարկե, վարորդի թույլտվությամբ»,- ասել է Ավետիսյանը:

Ըստ Ավետիսյանի, մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը կնքված և այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերը սեպտեմբերի 1-ից ինքնաշխատ կհամարվեն անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ կնքված և այդ պայմանագրերում ևս վարորդներ ավելացնելու, փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

«Այս փոփոխությամբ պայմանավորված և ելնելով ԱՊՊՀ համակարգի առաջին հինգ տարվա վիճակագրությունից, առանձին խմբերի ռիսկային առկա գործակիցներից, սահմանվել է նաև ԱՊՊԱ սակագնային նոր համակարգը, որտեղ հիմնական ապահովագրավճարի փոփոխություն տեղի չի ունեցել», - ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը՝ հավելելով, որ սակագների հաշվարկից հանվել են վարորդների տարիքը և վարորդական ստաժը հաշվի առնող ռիսկային գործակիցները:

Նրա խոսքով, կատարված փոփոխությունների արդյունքում կատարվել են ռիսկային գործակիցների ճշգրտումներ. առավել բարձր ռիսկային գործակիցները բարձացվել են, ցածր ռիսկային խմբերի համար գործակիցներն իջեցվել են: ԱՊՊԱ սակագների նոր կառուցվածքին կարելի է ծանոթանալ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Նա նաև տեղեկացրել է, որ ԱՊՊԱ համակարգի կայունության և շարունակականության ապահովման, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդների ընտրության հարցում ռիսկերի կառավարմանն աջակցելու նկատառումներով, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կշարունակի հաշվառել վարորդների վթարների վիճակագրությունը (ապահովագրական պատմությունը), ինչի մասին ընդհանրացված տվյալներ կարելի է ստանալ առցանց եղանակով Բյուրոյի կայքի միջոցով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---