ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ առաջարկվել է համաներում հայտարարել

ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ առաջարկվել է համաներում հայտարարել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրհրդակցություն: Քննարկման նյութն Արցախի Հանրապետության նախագահի առաջարկն էր՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն, նշված առաջարկությունը խորհրդարան է ներկայացվում ԱԺ համապատասխան որոշման նախագծի տեսքով, որը պետք է հավանության արժանանա ԱԺ լիագումար նիստում:

Նախօրեին ներկայացված որոշման նախագիծը պատգամավորները քննարկել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և անհրաժեշտ պարզաբանումներ ստացել ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին ժամը 11:00-ին հրավիրվում է արտահերթ նստաշրջան՝ հանրապետության նախագահի առաջարկած օրակարգով, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրապետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991-ի դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108.615 մարդ):

1991-ի դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն (խորհրդարան) ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---