Smithsonian-ը մտադիր է ԱՄՆ-ում 2018-ի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին

Smithsonian-ը մտադիր է ԱՄՆ-ում 2018-ի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին

PanARMENIAN.Net - Հայաստանն ունի հարուստ մշակույթ. Հայաստանի դեպքում դա ոչ միայն մշակութային գլուխգործոցներն են, այլև՝ մարդկանց կենսակերպը, բանավոր պատմվածքները, պարը, կենցաղն ու սնունդը: Այդ մասին հայտարարել է աշխարհահռչակ Smithsonian ամերիկյան հաստատության միջազգային կապերի բաժնի ղեկավար Մոլլի Ֆաննոնը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Լինելով համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման առաջատարը, Smithsonian-ը Հայաստանի հին ու հարուստ մշակույթն ուշադրությամբ ուսումնասիրում է ու փորձում պահպանել ու աշխարհին փոխանցել: Այդ նպատակով ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ Smithsonian հաստատությունը, Հայաստանի կառավարության հետ համատեղ, նախաձեռնել է «Իմ Հայաստանը» նախագիծը», որի հիմքում է մշակութային ժառանգության հիմնարար տարրը՝ պատմվածքները: Մենք պատմում ենք հայկական ուտեստների, կենցաղի, արվեստի, կրոնի մասին պատմվածքները ողջ աշխարհին»:

Համագործակցության շրջանակներում Smithsonian-ի կողմից այս ամառ ԱՄՆ-ի մայրաքաղաքում կազմակերպված մշակութային փառատոնին երգերով հանդես եկավ երկու հայկական համույթ՝ «ԹմբաԹա»-ն Երևանից և Armenian Public Radio-ն Կալիֆորնիայից: Բայց դա դեռ ամենը չէ, Smithsonian-ը նախատեսում է Միացյալ Նահանգներում 2018 թվականի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին:

«Մենք Հայաստանի մշակույթն ենք ներկայացնելու մշակութային փառատոներին, Հայաստանին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպելու մեր թանգարաններում այստեղ և աշխարհով մեկ, նախատեսում ենք նույնիսկ այդ ցուցահանդեսների ընթացքում Հայաստանից հրավիրված մասնագետների շնորհիվ թանգարաններում ստեղծել իսկական հայկական մշակութային մթնոլորտ»,-ասել է Մոլլի Ֆաննոնը:

Հատուկ ուշադրություն է հատկացվելու հայ երիտասարդներին մշակութային ժառանգության պահպանման գործընթացի մեջ ներգրավմանը: «Հայ երիտասարդության ներգրավումն այս գործընթացում կենսական նշանակություն ունի, քանի որ նպատակներից մեկը հենց հայ առաջնորդների հաջորդ սերնդի զարգացումն է»,- ասել է «Smithsonian»-ի ներկայացուցիչը:

Մոլլի Ֆաննոնի խոսքով, այդ գործում հաստատության հիմնական գործընկերն է Երևանում գործող Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնը, որի հաջողություններն ուղղակի հիացրել էին Վաշինգտոնում բոլոր գործընկերներին. «ԹՈՒՄՈ-ն կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհում դպրոցականների մշակութային զարգացման կազմակերպման համար: Մենք ինքներս ենք ԹՈՒՄՈ կենտրոնից սովորում և այդ փորձը կիրառում այստեղ»։

Smithsonian հաստատության գործունեության նպատակներից մեկն է նաև ցույց տալ, որ մշակույթը ոչ միայն արժեք է ինքնին, այլև կարող է տնտեսական օգուտ բերել երկրին և տեղական համայնքներին. «Մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի մշակութային ոլորտը՝ կապելով այն զբոսաշրջությանը՝ նոր աշխատատեղեր ստեղծելով մշակութային տուրիզմի ոլորտում»:

Եթե մայրաքաղաք Երևանում գտնվող մշակութային ժառանգությունը հասանելի է արտերկրյա զբոսաշրջիկներին, ապա Հայաստանի մյուս շրջաններում գտնվող արվեստի ու մշակույթի գլուխգործոցներին զբոսաշրջիկները հաճախ կամ անծանոթ են մնում, կամ էլ՝ այցելում դրանց մի քանի ժամով: Արդյունքում՝ տեղի բնակչությունը որևէ օգուտ չի ստանում զբոսաշրջիկների բազմությունից:

«Մեր նպատակն է ոչ թե Երևան այցելող զբոսաշրջիկների հոսքը շրջաններ տեղափոխել, այլ Հայաստան նոր զբոսաշրջիկներ բերել, որոնք հիմնական ժամանակն անց են կացնելու ոչ թե Երևանում այլ՝ մայրաքաղաքից դուրս՝ ծանոթանալով հայկական ժողովրդական մշակութային ժառանգությանը», - նշել է Ֆաննոնը:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև 3D ֆորմատով թվայնացնել հայկական մշակույթի և պատմության գլուխգործոցները: Մոլլի Ֆաննոնի խոսքով, դա ավելի կհետաքրքրի պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստան այցելել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---