Պետդեպ. ԼՂ հարցում առաջին քայլը պետք է անեն հակամարտող կողմերի իշխանությունները

Պետդեպ. ԼՂ հարցում առաջին քայլը պետք է անեն հակամարտող կողմերի իշխանությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, առաջին քայլը պետք է անեն իրենք կողմերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»,-ասել է նա:

Ֆրիդի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորման մեջ. «Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում և մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»:

Կողմերի համապատասխան պատրաստակամության դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել կողմերին՝ խնդրի տևական կարգավորման համար, նշել է Դենիել Ֆրիդը:

Հայաստանում ընդդիմությունն անհանգստություն է հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից հնարավոր զիջումների կապակցությամբ: ՀՀ նախկին արտգործնախարար, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջարկում է ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան բանակցությունները. «Ամենաճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ շուրջ բանակցություններն առկախվեն որոշ ժամանակով, մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները»:

Դենիել Ֆրիդի խոսքով, առաջին քայլը պետք է անեն հենց հակամարտող կողմերի իշխանությունները. «Այդ կառավարությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում և դիմակայել մերթընդմերթ բախումների, թե նրանք իրական կարգավորում են նախընտրում»:

Ղարաբաղյան հակամարտության նման հակամարտությունն անհնար է լուծել` փորձելով վերացնել դրա հետևանքները, ոչ թե պատճառները: Այդ մասին է հայտարարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հետևած ասուլիսի ընթացքում: «Ղարաբաղյան խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման համար պայքարն է, ինչը բոլոր ազգերի անքակտելի իրավունքն է», - մասնավորապես, ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ժողովրդավար ճանապարհով ինքնորոշման համամարդկային գաղափարների ու մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված կայուն լուծմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---