Սիրիացի քրդերն անցել են հակագրոհի և 7 գյուղ են գրավել Ջարաբլուսի մոտ

Սիրիացի քրդերն անցել են հակագրոհի և 7 գյուղ են գրավել Ջարաբլուսի մոտ

PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին, հայտնում է Haqqin.az-ը Anadolu-ի վրա հղումով:

Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

Քուրդ զինյալները չեն ենթարկվել պահանջին և անցել են Սաջու գետի հյուսիսային ափը` 3 գյուղ գրավելով Մանբիջ քաղաքի մոտ, որն ավելի վաղ նրանք ազատագրել էին «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

Քուրդ մարտիկները շարունակել են առաջխաղացումը Ջարաբլուսից դեպի հարավ և հասել են Ամարինա գյուղին Եփրատի ափին` ևս 3 գյուղ գրավելով այդ շրջանում: Թուրքական օդուժն իր հերթին հրետակոծել է Ամարինա գյուղը:

Աղբյուրները Թուրքիայի անվտանգության ծառայությունում նշում են, որ Անկարան թույլ չի տա քրդերի ինքնապաշտպանական ուժերին առաջ շարժվել և գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ նրանք նահանջեն Եփրատից դեպի արևելք:

Սիրիական Ջերաբլուսում թուրքական ԶՈՒ-ի կողմից սկսված գործողություններից հետո քրդական YPG-ն (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) պաշտոնական հայտարարություն էին տարածել` նշելով, որ Թուրքիայի պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ չէ, այլ՝ քրդերի:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---