ՄԻՊ-ն արձագանքել է Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ նրա կնոջ դիմումին

ՄԻՊ-ն արձագանքել է Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ նրա կնոջ դիմումին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ:

Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ:

Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝

1. ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով.

2. Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում.

3. սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում: Ա.Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ:

Անահիտ Թարխանյանի դիմումում մասնավորապես ասվում էր. «Ելնելով իրավիճակից, երբ հացադուլի ժամկետը արդեն մոտ է կյանքի համար վտանգավոր սահմանագծին եւ իր պահման վայրի առանձնահատկություններից, խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել ապահովելու Անդրիաս Ղուկասյանի համար նմանատիպ անկախ բժշկական հետազոտություն»:

Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---