ԼՂՀ հռչակման 25-ամյակի միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին

ԼՂՀ հռչակման 25-ամյակի միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկելու են սեպտեմբերի 1-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, հայտնում է Արցախպրեսը:

Տոնական միջոցառումները կմեկնարկեն Արցախի կրթօջախներում, որտեղ անցկացվելու են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով դասեր, ասվում է ԼՂՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում:

Նույն օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանան սպորտային եւ մշակութային միջոցառումներ, իսկ Ստեփանակերտի կենտրոնական օղակաձև պուրակում` զինվորական նվագախմբի համերգ:

Այնուհետև, սեպտեմբերի 2-ին տոնական միջոցառումները կսկսվեն երթով` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի քաղաքային հուշահամալիր:

Նախատեսվում են նաև բացօթյա տոնական միջոցառումներ` Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան պուրակում, Շ. Ազնավուրի անվան կենտրոնում, սբ. Հակոբ Եկեղեցու հարևանությամբ և այլ վայրերում: Նույն օրը մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի կունենա «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսի, իսկ Շուշիում` հանրակացարանային համալիրի բացումը:

Երեկոյան Վերածննդի հրապարակում կկայանա տոնական համերգ և հրավառություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կեզրափակվեն սեպտեմբերի 3-ին` Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում նոր թաղամասի բացման հանդիսավոր արարողությամբ:

Արցախի խորհրդարանը օգոստոսի 25-ին միաձայն հավանության արժանացրեց Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը:

1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրապետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991-ի դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108.615 մարդ):

1991-ի դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն (խորհրդարան) ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---