Սփյուռքի նախարար. Հալեպում մոտ 200 դպրոցահասակ երեխա կա` հայերը հեռանում են դեպի Լաթաքիա, Քեսաբ

Սփյուռքի նախարար. Հալեպում մոտ 200 դպրոցահասակ երեխա կա` հայերը հեռանում են դեպի Լաթաքիա, Քեսաբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի, «Օքսֆամ Հայաստան» և «Սեյվ դը Չիլդրեն» ընկերությունների, «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի համակարգված, բարեխիղճ աշխատանքը:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ նախարարը նշել է, որ եկեղեցու և հասարակական կառույցների միջոցով առայժմ հաջողվում է լուծել կրթական հարցերը: «Հալեպում գործում է վեց վարժարան, մոտ 200 դպրոցահասակ երեխա կա: Հայերը տեղաշարժվում են դեպի Լաթաքիա, Քեսաբ»,-ասել է նա:

ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Սթիվեն Օ’Բրայանն իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների ամենալայնածավալ հումանիտար ճգնաժամն է համարել և զգուշացրել է հրատապ միջոցների անհրաժեշտության մասին, քանի որ պաշարված շրջանների հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար սննդամթերք, ջուր և դեղորայք է պետք:

«Պետք է մեր օգնությունը այնպես կազմակերպենք, որ եթե մեր հայրենակիցները որոշեն Հայաստան տեղափոխվել, կարողանանք լուծել նրանց կեցության, աշխատանքի, ուսման, սոցիալական հարցերը: Իմ խնդրանքն է գերատեսչությունների, կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներին՝ սրտացավորեն վերաբերվել ու սպառիչ, ուղղորդող պատասխաններ տալ սիրիահայերի դիմումներին, նամակներին, խնդրանքներին: Մեր բոլորի խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք Հայրենիքում հաստատվեն, արագ ինտեգրվեն: Ու նաև վստահ եմ, որ եթե յուրաքանչյուր խոշոր կառույց կարողանա մեկ սոցիալական տուն կառուցել սիրիահայերի համար, շատ մեծ օգուտ կլինի: Պետք է շարունակենք միասին աշխատել: Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար», - հավելել է սփյուռքի նախարարը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակից Սուսաննա Գասպարյանը:

2015 թվականին կատարված աշխատանքների և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկույց են ներկայացրել «Օքսֆամ Հայաստան» ընկերության ծրագրերի պատասխանատու Մարգարիտա Հակոբջանյանը, «Սեյվ դը Չիլդրեն» ընկերության ծրագրերի համակարգող Սիրանուշ Վարդանյանը և «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան:

Առաջարկվել է ստեղծել սոցծառայողի ինստիտուտ, որը սիրիահայերի հետ աշխատող բանիմաց և պատրաստակամ կադրեր կպատրաստի:

Համաձայն ՀՀ կառավարության 2016թ. մարտի տվյալների՝ Հայաստանում ապաստան են հայցել մոտ 20.000 սիրահայ փախստական: Համաձայն ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության նոր հրապարակման, Սիրիայից ընդունած փախստականների թվի հարաբերակցությունը Հայաստանում կազմում է 6 փախստական ամեն 1000 քաղաքացու դիմաց: Այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան շատ այլ Եվրոպական երկրներինը կամ ԱՄՆ-ինը, այսպիսով Հայաստանը առաջին եվրոպական երկիրն է մեկ բնակչի դիմաց ընդունված փախստականների քանակով, որը մասնավորապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք երկրի տնտեսական իրավիճակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---