12 օր՝ գունամշակված դիմապակիները գործարանային տեսքի բերելու համար

12 օր՝ գունամշակված դիմապակիները գործարանային տեսքի բերելու համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ից վարչական արձանագրություններ կկազմվեն այն վարորդների նկատմամբ, որոնք վարում են գունամշակված առջևի հողմապակիով մեքենաներ: Այդ մասին ի գիտություն վարորդների հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը:

«Գունամշակված ապակին վարորդի տեսանելիությունը սահմանափակում է»,- ասել է նա և նշել, որ օգոստոսի 30-ից սկսած տրվում է 12 օր ժամանակ՝ գունամշակված դիմապակիները գործարանային տեսքի բերելու համար:

Օգոստոսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսին Նորիկ Սարգսյանն անդրադարձել է նաև ճանապարհատրասնպորտային պատահարներին և դրանց հետևանքով զոհերի թվաքանակին՝ նշելով, որ 2016-ին այդ ցուցանիշները նվազել են։ «Վիճակը կարելի է բավարար գնահատել և տարեցտարի աճող տենդենցի պայմաններում, ընդհակառակը, պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից ՀՀ-ում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ»,-ասել է նա։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը 253-ով: Առաջին անգամ աճի տենդենցը կանգնել է և ոչ թե 53, այլ 80 մարդու կյանք է փրկվել»,-ասել Նորիկ Սարգսյանը:

2016-ի հունվարից ճանապարհային ոստիկանությունն սկսել էր տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Ճանապարհատրանսպորտային պատահարների (հատկապես՝ վրաերթերի) զգալի մասի դեպքում դրանց առաջացմանը նպաստում են տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---